Nottingham Trent University-ի փորձագետները կրծքի քաղցկեղի վաղ փուլում գտնվող այն հիվանդների ուռուցքներում, որոնց քիմիաբուժությունը կամ վիրահատական միջամտությունը չեն համապատասխանում, մի սպիտակուց են հայտնաբերել: Այդ հայտնագործությունը հույս է տալիս կրծքի քաղցկեղի եռակի բացասական տեսակով տառապողներին. Այդ տեսակով հիվանդանում է քաղցկեղ ունեցողների 12%-ը:
Գիտնականները կարողացել են որոշել ուռուցքներում առկա HAGE անունով սպիտակուցի քանակը, որպեսզի կանխատեսեն, թե արդյոք քիմիաթերապիան հաջող կանցնի: Եթե ոչ, այդ դեպքում գիտությունը կկարողանա ստեղծել պարզ մի ընթացակարգ, որը կխթանի վերոհիշյալ սպիտակուցը, որպեսզի այն քաղցկեղի դեմ հակամարմիններ արտադրի, ինչն այդ ծանր հիվանդության դեմ պատվաստում կապահովի: Հետազոտության հեղինակները, որոնք պատրաստվում են գալիք երկու տարվա ընթացքում լիարժեք կլինիկական փորձարկումներ իրականացնել, կարծում են, որ կրծքի քաղցկեղի դեմ այդ պատվաստանյութը կարող է ուռուցքաբանության մեջ իսկական հեղափոխություն իրականացնել:
«Խոսքն այն հիվանդների մասին է, որոնց հիվանդությունը գործնականում անբուժելի է,-ասում է պրոֆեսոր Գրեհեմ Փոքլին: Մենք նկատի ունենք կրծքի քաղցկեղով հիվանդ ամեն տասներորդ կնոջը, որի ուռուցքը չի հակազդում քիմիաբուժությանը: Հենց նրանց էլ մենք կնշանակենք այդ պատվաստանյութը»:
Երբեմն կրծքի քաղցկեղի եռակի բացասական տեսակով հիվանդները ստիպված են լինում դիմել լամպէկտոմիայի, կրծքագեղձի հեռացման, կրծքի վերականգնման վիրահատության, քիմիաբուժության, ճառագայթման եւ հորմոնալ բուժման, ընդ որում դրանից ոչ մեկը նրանց չի օգնում:






