Ապագա մայրերը, որոնք որդի ունենալու մասին են երազում, չպետք է բաց թողնեն նախաճաշը, պնդում են գիտնականները: Սովորաբար տղա ունենալու շանսերն ավելի մեծ են, քան աղջիկ ունենալունը (մոտավորապես` 51-ը 49-ի): Բայց որոշ դեպքերում համամասնությունը փոխվում է հօգուտ աղջիկների: Հյուսիս-արեւմտյան համալսարանի հետազոտողները վերլուծել են ԱՄՆ-ից ավելի քան  700000 կնոջ մասին տվյալները, պատմում է The Daily Mail-ը:

Գիտնականները պարզել են, որ այն մայրերի մոտ, որոնք բեղմնավորման շրջանում բաց են թողել նախաճաշը, տղա ունենալու հավանականությունը եղել է ընդամենը    45%: Մասնագետները ենթադրում են. դա կարող է կապված լինել նրա հետ, որ արգանդում արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակը տղաների վրա ավելի շատ է ազդում, քան աղջիկների: Այսպես, աղետների` երկրաշարժերի, ջրհեղեղների եւ պատերազմների շրջանում  տղաներ ավելի քիչ են ծնվում, քան աղջիկներ:  

Իմիջիայլոց, երեխայի սեռը կանխորոշում է առանցքային մի սպիտակուց` Jmjd1a էնզիմը: Այն շրջում է ԴՆԹ-ն, ինչն ազդակ է հանդիսանում, որպեսզի արական սեռի պտուղ զարգանա: Ինչպես ցույց է տվել Քուինսլենդի համալսարանի աշխատակիցների եւ իրենց ճապոնացի գործընկերների հետազոտությունը, եթե  «անջատվում է» Jmjd1a կոդավորող գենը, մկների մոտ իգական սեռի սաղմ է զարգանում: