Առայսօր համարվում էր որ լիարժեք ճաշելու փոխարեն օրվա ընթացքում այսպես ասած «ոտքի վրա» սնվելը հրաշալի ձեւ է առանց հավելյալ կալորիաների քաղցը հագեցնելու համար: Սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ սովորությունը կործանարար է ազդում օրգանիզմի վիճակի վրա ու նպաստում է գիրացմանը:

Այն տղամարդիկ ու կանայք, ովքեր ճաշելու փոխարեն սիրում են քաղցը հագեցնել «ոտքի վրա սնվելով», ժամանակի ընթացքում բախվում են ավելորդ քաշի խնդրին, հայտարարել են Սուրեյի համալսարանի հետազոտողները: «Հատկապես սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր օրվա մեծ մասն անց են կացնում բազմոցին կամ էլ աթոռին նստած»՝ ճշգրտել են ուսումնասիրության հեղինակները: Մասնավորապես պարզվել է, որ նման մարդիկ հաճախ տառապում են շատակերությամբ:

Գիտական փորձերին մասնակցել է 60 ուսանողուհի, որոնց առաջարկել են երեք տարբերակ՝ հացի փոքրիկ բատոնն ուտել միջանցքով զբոսնելիս, հեռուստացույց դիտելիս կամ էլ ընկերուհիների հետ շփվելու ժամանակ:

«Մենք տեսանք, որ այն աղջիկները,  ովքեր հրաժարվում էին լիարժեք սնունդից ու նախընտրում էին ուտել հացի բատոնը միջանցքով զբոսնելով, հաջորդ անգամ ավելի շատ էին ուտում, քան մյուս ուսանողուհիները »,- հայտնում են Սուրրեյի աշխատակիցները:Գիտնականների խոսքով՝ մարդիկ, ովքեր փորձում են սահմանափակել իրենց գործածած սննդամթերքի տեսակները, շատակերության ավելի մեծ հակում ունեն, քան մյուսները:  Ոտքի վրա ուտելը չի կարող փոխարինել նորմալ սննդին եւ ընդամենը կնպաստի քաշի ավելացմանը, շեշտում են բժիշկները: