Գիտնականները մոտ են այնպիսի պատվաստանյութի ստեղծմանը, որի մի ներարկումը կկարողանա մարդուն ամբողջ կյանքի ընթացքում պաշտպանել գրիպի բոլոր տեսակներից: Առայժմ պատվաստանյութը փորձարկվել է միայն կենդանիների վրա, բայց արդյունքները հուսադրող են թվում: Այժմ գիտնականները պիտի պարզեն, թե պատվաստանյութն ինչպես կազդի մարդու վրա:

Գրիպի դեմ պատվաստանյութեր այժմ էլ գոյություն ունեն, բայց դրանք բավականաչափ արդյունավետ չեն. ավելին, դրանցով պատվաստումները պիտի արվեն ամեն տարի, որովհետեւ գրիպի վիրուսն անընդհատ մուտացիա է ապրում, եւ նախկին պատվաստանյութերը դադարում են գործել: Իսկ նոր միջոցը, մասնագետների խոսքով, հնարավորություն կտա հրաժարվել մարդկանց ամեն տարի պատվաստելու անհրաժեշտությունից:

Գրիպի դեմ սովորական պատվաստանյութը ոչնչացնում է գրիպի հարուցիչի մակերեւույթին գտնվող մոլեկուլները, բայց խնդիրն այն է, որ դրանք անընդհատ փոփոխվում են: Եթե գրիպի վիրուսը պատկերացնենք գնդի նման, որից փայտերին ամրացված շաքարաքլորներ են դուրս ցցված, ապա կոնֆետները կլինեն հենց այն մասը, որն ամեն տարի փոխվում է, մինչդեռ փայտիկները նույնն են մնում:

Համընդհանուր պատվաստանյութ ստեղծելու համար գիտնականները որպես թիրախ են ընտրել հենց այդ «փայտիկները», ոչ թե  «կոնֆետները», չէ ՞ որ նման մոտեցման դեպքում մեկ պատվաստանյութը կարող է արդյունավետորեն պայքարել գրիպի բոլոր տեսակների դեմ: Հետազոտողների շատ խմբեր փորձել են նման միջոց գտնել, բայց դա անելը հեշտ չէր. այս թե այն կերպ գիտնականները «կոնֆետներին» էին դիպչում:

Նոր պատվաստանյութի արդյունավետությունը դեռ պետք կլինի ճշտել կլինիկական փորձարկումներով, որոնք առնվազն մի քանի տարի կտեւեն: Դրա համար էլ համընդհանուր պատվաստանյութի հայտնվելու մասին խոսելը դեռեւս շուտ է:

Աշխատանքները, որոնք հաստատում են պատվաստանյութի գաղափարի հաջողությունը, տպվել են Nature եւ Nature Medicine ամսագրերում: