Գիտնականները գտել են նոր ապացույց, որ մեր նախնիները, ովքեր ապրել են հազարամյակներ առաջ, ունեցել են այն նույն հիվանդությունները, որոնցից տառապում են ժամանակակից մարդիկ. Տյուբինգենի համալսարանում գործող Մարդու էվոլյուցիայի ու պալեոէկոլոգիայի Զենկենբերգի անվան կենտրոնի գերմանացի գիտնականները հայտնաբերել են լեյկեմիայի մասին մեզ հայտնի ամենահին դեպքը մի կնոջ մոտ, ում՝ մոտավորապես 7000 տարեկան կմախքը գտել են Գերմանիայի նեոլիթյան դարաշրջանի գերեզմանոցից:
Հետազոտողները օգտագործել են բարձր թողունակությամբ համակարգչային տոմոգրաֆիա, որի միջոցով կարողացել են 30-40 տարեկանում մահացած կնոջ կմախքում հայտնաբերել արյան քաղցկեղի նշանների դրսեւորումներ: Նեոլիթի դարաշրջանի մարդկանց աճյունները հաճախ ունենում են վարակիչ հիվանդույթունների կամ էլ դեգեներատիվ փոփոխությունների նշաններ, ինչը պայմանավորված է սննդամթերքի պակասով, բայց մասնագետները նշում են, որ այս կմախքում նման նշաններ չկային, բայց հայտնաբերվել են կարիեսի ու ալվեոլյար բորբոքման նշաններ:
Ոսկորների ուսումնասիրության ժամանակ փորձագետները դեգեներատիվ փոփոխոթյուններ են գտել ոսկրային վերին հյուսվածքում՝ աջ ուսի ոսկորի վերին մասում ու կրծքավանդակում: Մեծահասակների մոտ ուսի ոսկորների ու կրծքոսկրերի, ինչպես նաեւ ողնաշարի, կողերի, գանգի, կոնքի ու կոնքոսկրերի վերջնամասը պարունակում է արյունաստեղծ ցողունային բջիջներ: Այդ վայրերում էլ հենց կարող է զարգանալ լեյկոզը՝ արյան քաղցկեղը:
Գիտնականների թիմը 7000 տարեկան հիվանդ կնոջ ոսկորները համեմատել է 11 մարդու ուսային ոսկորների հետ, որոնք հայտնաբերվել են Գերմանիայի հարավում՝ 1982-1993 թթ. պեղումների ժամանակ, բայց այդ նմուշներից ոչ մեկում նմանատիպ փոփոխություններ չեն եղել:
Նման նշաններ առաջացնող մյուս հիվանդությունները գիտնականները բացառել են: Օրինակ մերժվել է օստեոպորոզի վարկածը՝ քանի որ կինը բավականին երիտասարդ էր ու համապատասխան փոփոխություններ չեն հայտնաբերվել այլ ոսկորներում, նաեւ հիպերպարատիրեոզի՝ վահանաձեւ գեղձի հիպերֆունկցիայի վարկածը, քանի որ չեն հայտնաբերվել այս պաթոլոգիային բնորոշ ուրիշ նշաններ, որոնք դրսեւորվում են կմախքի այլ մասերում՝ օրինակ գանգում ու մատների ոսկորներում: Ի վերջո մասնագետները կանգ են առել լեյկեմիայի վրա, բաց առայժմ չեն կարող ճշգրիտ որոշել՝ արդյոք կինն իրոք այդ հիվանդությունից է մահացել:






