Ո՞ր ժամին է ճիշտ հայկական դպրոցներում ֆիզկուլտուրայի պարապմունքներ անելը ՝ առավոտյա՞ն, մինչեւ դասերը սկսե՞լը, թե՞ ցերեկը՝ դասերից հետո:

ԲԺիշկ օրթոպեդ Արարատ Նազարյանը համարում է, որ ֆիզկուլտուրան ավելի ճիշտ է անել ցերեկը, այլ ոչ թե առավոտյան: Առավոտյան երեխաները դպրոց են գալիս նոր արթնացած, թարմ ուղեղով ու ավելի ճիշտ է այն լցնել գիտելիքներով ու զբաղվել մտավոր աշխատանքով: Իսկ ցերեկը մարզանքն ու ֆիզիկական ակտիվությունը հնարավորություն կտան հանգստանալ դասերից, իսկ մարմինն էլ կվերականգնվի նույն տեղում երկար նստելուց:

Այս տեսակետին հաստատ կհամաձայնեն նաեւ մյուս մասնագետները: Սրտաբանները, մասնավորապես, հավաստիացնում են, որ առավոտյան պարապելը վնասակար է սրտի համար . բանն այն է, որ առավոտյան սիրտը դեռ պատրաստ չէ լուրջ ծանրաբեռնվածությունների, դրա համար էլ խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է այն ծանրաբեռնել ցերեկը կամ էլ երեկոյան: Ի դեպ մյուս մկանները ու հոդերը առավոտյան նույնպես պատրաստ չեն ծանրաբեռնվածության, դրա համար էլ վնասվածք ստանալը շատ ավելի հավանական է առավոտյան, քան ցերեկը կամ երեկոյան:

Կա նաեւ տեսակետ, որ ցանկացած մարզանք ցանկալի է անել դասերից ու աշխատանքից հետո .այն նվազեցնում է օրվա ընթացքում կուտակված սթրեսը ու օգնում հանգստանալ, զբաղվելով այլ տեսակի գործունեությամբ: Բացի դրանից մարզանքը լավացնում է դպրոցականների արյան շրջանառությունը ու արյան մատակարարումն ուղեղին ու մարզանքից հետո նրանց համար ավելի հեշտ է լինում կենտրոնանալ տնային առաջադրանքների վրա ու լավ անել դրանք: