Կրծքագեղձի քաղցկեղը մեկ հիվանդություն չէ, ինչպես շատերն են կարծում, մասնագետները տարբերակում են այդ քաղցկեղի առնվազն 5 տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը բուժման հատուկ մոտեցում է պահանջում: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է ուռուցքաբան եւ Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Գյունտեր Գ. Շտեգերը:
Մոլեկուլյար տաքսոնոմիան, օրինակ, տարբերակում է քաղցկեղի չորս մոլեկուլյար ենթատեսակ՝ փաստորեն դրանք բոլորն իրենցից ներկայացնում են տարբեր հիվանդություններ, որոնք տարբերվում են մոլեկուլյար մարկերներով, կանխատեսումներով ու բուժման պահանջներով: Քաղցկեղի դեպքերի մոտավորապես 30-45 տոկոսը A լյումինալ ենթատեսակն է, 14-18 տոկոս դեպքերում մասնագետները գործ են ունենում B տեսակի լյումինալ ենթատեսակի հետ, իսկ դեպքերի 27-39 տոկոսում՝ այսպես կոչված բազալ ենթատեսակի հետ: Ինչպես նշել է բժիշկ Շտեգերը, դեպքերի 12-15 տոկոսում քաղցկեղը լինում է HER2 դրական ենթատեսակի, որի դեպքում արտահայտված է HER2 օնկոգենի ամպլիֆիկացիան:
Հետաքրքիր է, որ HER2 դրական քաղցկեղը մինչեւ վերջերս համարվում էր ամենասարսափելի տեսակներից մեկը՝ շատ վատ կանխատեսումներով: Սակայն վերջին տարիներին մշակվել են հակամարմիններ, պատվաստանյութի՝ «պասիվ իմունաթերապիայի» պես մի բան, որն օգտագործում են քիմաթերապիայի հետ միասին, որպեսզի բուժումն ավելի արդյունավետ լինի: Այդ հակամարմինները բուժման մեջ ներդնելուց հետո՝ քաղցկեղի այս տեսակով հիվանդների կյանքի տեւողության կանխատեսումները նկատելիորեն բարելավվել են, ու անկախ մետաստազների առկայությունից կամ բացակայությունից՝ նրանց բուժումը կարող է շարունակվել մի քանի տարի:
Ինչպես նշել է մասնագետը, այս ենթատեսակների ըմբռնումը ու դրանք որոշելու կարողությունը օգնում է ավելի ճիշտը ընտրել բուժումը՝ քիմիաթերապիան, հակահորմոնային բուժումը, իմունաթերապիան, կամ էլ որեւէ այլ բուժում: Ճիշտ ընտրված բուժումը ոչ միայն ավելի արդյունավետ է քաղցկեղի որոշակի տեսակի համար, այլեւ նվազ թունավոր է հիվանդի օրգանիզմի համար:
Հայաստանի ուռուցքաբանական ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր ավետիսյանն էլ իր հերթին պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցին այն մասին, որ Հայաստանում քաղցկեղի տեսակի որոշման անալիզները անց են կացվում մի քանի լաբորատորիաներում, եւ արդեն մի քանի տարի է առանց այդ անալիզների ոչ ոք չի սկսում բուժումը:






