27-ամյա Էմմա Գրեգորին՝ Մեծ Բրիտանիայից, տառապում էր հազվագյուտ եւ բավականին անսովոր նեվրոլոգիական հիվանդությունով՝ Տուրետտի ախտանիշով, որի պատճառով ագրեսիայի անվերահսկելի պոռթկումներ էր ունենում, մշտապես անվայել հայհոյանքներ էր բղավում ու ձեռքերը թափահարում ցանկացած տեղում ու ցանկացած հանգամանքներում: Այս հիվանդության պատճառով աղջիկը երկար ժամանակ տանից դուրս չէր գալիս, ինչի հետեւանքով էլ մեկ տարում գիրացել է 63 կգ-ով:
Տուրետտի ախտանիշով Էմման հիվանդացել էր 3 տարեկանից, բայց ժամանակի ընթացքում հիվանդությունը այնաստիճան էր սրվել, որ մշտական ջղաձգումների պատճառով նա նույնիսկ մեկ բաժակ սուրճ չէր կարողանում ինքն իր համար պատրաստել: Իսկ մի անգամ էլ հերթական պոռթկումի ժամանակ նա իր սեփական ձեռքն էր կոտրել: Տուրետտի ախտանիշի սրացման ժամանակ Էմման սկսում էր ամենաանհարմար տեղերում անվայել խոսքեր ու հայհոյանքներ ասել, այդ պատճառով էլ նա ամոթից սկսել էր տանից դուրս չգալ: Սթրեսը հաղթահարելու համար նա անընդհատ պաղպաղակ ու շոկոլադ էր ուտում, ինչը նույնպես իր դերն է կատարել քաշ հավաքելու հարցում:
Համեմատաբար վերջերս բժիշկները կարողացան օգնել նրան. աննախադեպ վիրահատության ընթացքում նրանք աղջկա ուղեղում իմպլանտ են տեղադրել, որը կանխում է հիվանդության նոպաները: Իմպլանտի շնորհիվ Էմմայի կյանքը ամբողջովին փոխվել է՝ նա նորից սկսել է դուրս գալ մարդաշատ վայրեր, այցելել մարզասրահ ու շփվել ընկերների հետ: Նա նաեւ սկսել է ճիշտ սնվել՝ նախապատվությունը տալով առողջարար աղցաններին, այլ ոչ թե պաղպաղակին ու շոկոլադին: Դրա շնորհիվ նա նորից վերականգնել է իր առողջ քաշը:
«Տուրետտի ախտանիշի պատճառով ես ինքնակամ մեկուսացել էին տանը ու բացասական ապրումներս հաղթահարելու համար անընդհատ շոկոլադ էի ուտում, սենդվիչներ, չիպսեր ու պաղպաղակ, - պատմել է աղջիկը: - Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ այս վիրահատությունը ամբողջովին փոխել է իմ կյանքը: Ինքնավստահությունս մեծացել է, ես նորից սկսել եմ ավտոբուսով երթեւեկել, զբոսնել, շփվել մարդկանց հետ: Երազում եմ աշխատանք գտնել, քանի որ ինձ առողջ եմ զգում, ավելի լավ եմ քնում ու կյանքից բավականություն եմ զգում»:






