Նույնիսկ երկու րոպե տեւող ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար է սրտի համար ու օգնում է կանխել մի շարք սրտանոթային հիվանդությունների զարգացում: Այս մասին հայտնում են Նյուքասլի համալսարանի հետազոտողները:
Գիտնականների խոսքով նունիսկ այդքան կարճատեւ մարզանքի ժամանակ, ամենակարեւորը սիրտը ծանրաբեռնելն է, ստիպելով, որ այն ավելի ակտիվ աշխատի: Իրենց փորձի ժամանակ գիտնականները նման ռեժիմ են նշանակել երկրորդ տեսակի շաքարախտով տառապող մի խումբ հիվանդների: 12 կամավորներ երեք ամսվա ընթացքում շաբաթական երեք անգամ երկու րոպե շատ արագ պտտել են վելոտրենաժորների պեդալները: Սկզբում վարժությունը տեւում էր երկու րոպե, բայց ամեն շաբաթ դրանք երկարացրել են 10 -ական վայրկանով, եւ ի վերջո դրանց տեւողությունը հասել է 3 րոպե 50 վայրկյանի:
Արդեն 12 շաբաթ հետո բոլորի մոտ նկատվում էր ՝ հիվանդությունից տուժած սրտի աշխատանքի վերականգնում: Տարբերությունը բացահայտ նկատելի էր հատկապես նրանց համեմատ, ովքեր առհասարակ վարժություն չէին արել:
«Մյուսներին նույնպես նմանատիպ ֆիզիկական ծանրաբեռնվածություն խորհուրդ չտալու ոչ մի պատճառ չկա»,- ասել է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Մայքլ Թրենելը: Երկրորդ տեսակի շաքարախտը պայմանավորված է ճարպակալումով, այն հանգեցնում է սրտի կառուցվածքի փոփոխոթյանը ու բարձրացնում կաթվածների ու ինսուլտների հավանականությունը:






