Ամեն երեկո մի խումբ բոբիկ կանայք գնում են Հոնկոնգի Sam Ka Village լողափ արեւին նայելու ու նրա ճառագայթներով սնվելու համար: Նրանք հավատում են, որ արեւային էներգիան կօգնի իրենց նիհարել: Հագնելով արեւային ակնոց, աղջիկները լարում են զարթուցիչը ու աչքերը արեւին հառած՝ սպասում:
Նրանց կարծիքով արեւային էներգիան, որը նրանց օրգանիզմ կմտնի այդ էկզոտիկ պրոցեդուրայի միջոցով, կարող է փոխարինել սննդից ստացվող էներգիային:
«Մենք համարում ենք, որ արեւի ճառագայթները փոխարինում են սննդին,- պատմել է լրագրողներին այն աղջիկներից մեկը, ով հետեւում է այդ տարօրինակ դիետային, - Մեզանից ոմանք, ովքեր արդեն ավարտել են արեւային թերապիայի կուրսը, հիմա ավելի քիչ են ուտում, քան առաջ, իսկ մյուսները առհասարակ ուտելու կարիք չեն զգում»:
«Արեւակերների» այս համոզմունքները հակասում են կենդանի արարածների կենսագործունեության սկզբունքների մասին գիտական պատկերացումներին: Որքանով հայտնի է գիտությանը ՝ բնության մեջ ոչ մի օրգանիզմ չի կարող գործել առանց պարբերաբար գործածելու նյութեր, որոնք նրա համար կատարում են էներգիայի աղբյուրի ու շինարարական նյութի դեր: Բացառություն են կազմում միայն վիրուսները, բայց բջջից դուրս դրանք կենդանի օրգանիզմների հատկանիշներ չեն դրսեւորում:
Մասնագետները, ամեն դեպքում հավաստիացնում են, որ եթե դուք բույս չեք, ապա արեւային լույսն ու ջուրը չեն կարող բավարար լինել Ձեր օրգանիզմի համար, իսկ այդ ձեւով նիհարելն այնքան էլ անվտանգ չէ:






