Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի տարբեր մարզերում աղիքային ինֆեկցիայի ու զանգվածային թունավորումների բավականաչափ դեպքեր են գրանցվել: Իհարկե ոչ միշտ է հնարավոր նման խնդիրները կանխել, բայց մեծամասամբ վարակների ու թունավորումների պատճառը ոչ թե բուն սնունդն է, այլ այդ սնունդն օգտագործող մարդու սովորություններն ու հիգիենան:

NEWS.am Medicine խմբագրությունը հիշեցնում է ընթերցողներին, թե ինչպես կարելի է պաշտպանվել աղիքային ինֆեկցիայից ու թունավորումներից:

1. Մանրակրկիտ լվացեք ու սրբեք մրգերն ու բանջարեղենը: Վարակաբան Դիանա Սուքիասյանը խորհուրդ է տալիս մթերքը ոչ թե պարզապես «թրջել» ջրի մեջ, այլ լավ լվանալ հոսող ջրի տակ, իսկ հետո սրբել սրբիչով: Դուք միանգամից կնկատեք, թե որքան կեղտ է մնում սրբիչի վրա այն բանից հետո, երբ դուք լվանում եք միրգը կամ բանջարեղենը: Այդ ամբողջ կեղտը կարող էր հայտնվել ձեր օրգանիզմում ու աղիքային ինֆեկցիա առաջացնել:

2. Լվացեք ձեռքերը: Թվում է, թե հասարակ խորհուրդ է, բայց շատերը դրան չեն հետեւում, կեղտոտ ձեռքերի միջոցով փոխանցվում են վիրուսային ու բակտերիալ շատ ինֆեկցիաներ (գրիպից սկսած մինչեւ դիզենտերիա), դրա համար էլ ձեռքերը լվանալ խորհուրդ է տրվում հնարավորինս հաճախ, հատկապես զուգարան այցելելուց հետո:

3. Առանձահատուկ զգուշավորություն են պահանջում ձմերուկները: Դրանց մակերեսին սովորաբար բազմաթիվ մանրէներ ու վարակներ են լինում ու եթե այն կտրեք ՝ առանց լվանալու ու սրբիչով սրբելու, ախտածին միկրոօրգանիզմները կհայտնվեն ձմերուկի միջուկի վրա կամ էլ միանգամից ձեր բերանում ՝ ձեռքերի միջոցով, որոնք դիպել են կեղտոտ կեղեւին:

4. Անհայտ ծագման սնունդ մի գնեք: Սա վերաբերում է եւ պատրաստի աղցաններին ու կերակրատեսակներին, եւ պաղպաղակին, որը վաճառում են առանց փաթեթավորման ՝ կշռով, եւ ֆրեշ հյութերին, որոնք կարող են պատրաստվել չլվացված ու պոտենցիալ վտանգավոր մրգերից:

5. Մթերք գնելիս ՝ միշտ ուշադրություն դարձրեք պիտանելիության ու պահպանման ժամկետին: Համոզվեք նաեւ, որ շուտ փչացող մթերքը խանութում պահվում է սառնարանում։

6. Մթերքը պատրաստելիս հետեւեք ջերմային ռեժիմին: Համոզվեք, որ միսը կամ դրա նման մթերքները լավ են եփվել ու որ դրանց մեջ չի մնացել հում տեղ, որտեղ կարող են մանրէներ ու վարակներ թաքնված լինել:

7. Մի պատրաստեք պահածոներ տանը: Տնային պահածոները պոտենցիալ աղբյուր են բոտուլիզմի համար՝ վտանգավոր թունավոր-վարակիչ հիվանդություն, որը ախտահարում է նյարդային համակարգը: