Հայ առաքելական եկեղեցին խիստ բացասաբար է վերաբերում ինքնասպանություններին ու դրանք շատ ավելի սարսափելի մեղք է համարում, քան սպանությունը։ Իսկ ինչպե՞ս է եկեղեցին վերաբերում էվթանազիային ու մահացու հիվանդ մարդկանց ինքնասպանությանը։

Ինչպես մեզ պատմեց հոգեւորական Պետրոս Մալյանը՝ եկեղեցին բացասաբար է վերաբերում նաեւ մահացու հիվանդ մարդկանց ինքնասպանությանը։ Մարդը չգիտի, թե գերագույն ուժերը հատկապես ինչ են նախապատրաստել իր համար եւ նա իրավունք չունի հոժարակամ հեռանալ կյանքից։ Հոգեւորականի խոսքով՝ միայն Աստված կարող է վերցնել այն կյանքը, որը շնորհել է մարդուն։ Ու եթե հոգեկան հիվանդի ինքնասպանությունը դեռ կարելի է արդարացնել նրանով, որ նա գուցե չէր հասկանում, թե ինչ էր անում, ապա սոմատիկ հիվանդությամբ մարդու ինքնասպանությունը, եթե նա ունակ է սթափ մտածել, ոչ մի արդարացում չունի։

Եկեղեցին, հոգեւորականի խոսքով, դեմ է նաեւ էվթանազիային, քանի որ այդ երեւույթը շատ քիչ է տարբերվում ինքնասպանությունից։ Հիվանդ մարդը որոշում է հեռանալ կյանքից ու կարեւոր չէ, թե ում ձեռքով է անում դա։ Ավելին, էվթանազիայի դեպքում հիվանդն իր մտահղացման իրականացման մեջ ներգրավում է նաեւ բուժաշխատողին ու նրան նույնպես ստիպում է մեղք գործել։

Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանի խոսքով, հոգեբանները մեծամասամբ կարող են օգնել ծանր հիվանդ մարդկանց համակերպվել իրենց վիճակի հետ, հրաժարվել ինքնասպանությունից ու արժանապատվորեն ապրել կյանքի մնացած օրերը։ Դրան կարող է նպաստել նաեւ լավ զարգացած պալիատիվ բժշկությունը, որը ծանր հիվանդներին ապահովում է ցավազրկող միջոցներով ու նորմալ խնամքով։