Անհնար է թունավորվել խմորի մեջ հավելված շաքարով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։ Հիշեցնենք, որ Բաղրամյան գյուղի ղեկավարության վարկածով Արարատյան մարզի երեխաները թունավորվել էին կարկանդակով, որի արտադրողները սխալմամբ աղի փոխարեն խմորի մեջ շաքար էին լցրել, ինչն էլ հենց թունավորման պատճառ էր դարձել։
«Շատերը առավոտյան քաղցր թեյ են խմում։ Ի՞նչ է ՝ նրանք բոլորը թունավորվո՞ւմ են։ Դուք երբեւէ լսել եք, որ մարդիկ թունավորվեն շաքարից։ Դա անհնար է։ Նրբերշիկի, երշիկի ու խմորի մեջ լցված շաքարավազից մարդիկ չեն կարող թունավորվել»,– նշել է մասնագետը։
Ավելին՝ նշենք, որ հացի եւ կարկանդակների խմորների մեծ մասի բաղադրության մեջ շաքար կա . շատ բաղադրատոմսերում շաքար նույնիսկ ավելի շատ են հավելում, քան աղ։ Շաքարը նաեւ օգտագործվում է տորթեր ու բուլկաներ պատրաստելու համար, ու եթե դրանք թարմ մթերքներից են պատրաստված ու պահվել են պատշաճ պայմաններում, ապա դրանցից ոչ ոք երբեք չի թունավորվի։
Իսկ ահա ոչ պատշաճ պայմաններում պահվող սննդից միանգամայն հնարավոր է թունավորվել, նշեց վարակաբանը։ Օրինակ, շատ հայեր նույնիսկ շոգին սիրում են քաղաքից դուրս գնալ ու այնտեղ խորոված ուտել, վրայից խմելով օղի ու ուտելով տորթ, որը բնականաբար այդ ամբողջ ընթացքում սառնարանում չի պահվել։ Հետո մարդիկ ուտում են ձմերուկ ու ասում, որ ձմերուկից են թունավորվել։ Նրանք չեն հասկանում, որ միսն ու տորթը, որոնք ժամեր շարունակ սառնարանից դուրս են պահվել, շատ ավելի վտանգավոր են, քան ձմերուկը։






