Արհեստական քաղցրացուցիչները սովորական շաքարից շատ ավելի վտանգավոր են, նախազգուշացնում են գիտնականները, որոնք հոդված են տպագրել Annals of Epidemiology ամսագրում:

Նրանց խոսքով, շաքարի փոխարինիչներով մթերքների կանոնավոր գործածումը կարող է կապ ունենալ օրգանիզմի վտանգավոր համալիր վիճակի զարգացման հետ, որն էլ իր հերթին կապակցված է արյան քիմիական բաղադրության փոփոխության, շաքարախտի ու ճարպակալման հետ:

Խնդիրն այն է, որ շատ մարդիկ չեն էլ կռահում արհեստական քաղցրացուցիչների վնասակարության մասին, դրա համար էլ վերջիններս օրեցօր մեծ տարածում են ստանում ու լայնորեն կիրառվում են քաղցավենիքներ ու ըմպելիքներ պատրաստելիս: Չնայած շաքարի փոխարինիչների գործածումը զգալիորեն նվազեցնում է սննդի կալորիականությունը, բայց առողջության համար դրանք այնուամենայնիվ վնասակար են:

«Հաշվի առնելով, որ շաքարի փոխարինիչների գործածումը նվազեցնում է սննդի կալորիականությունը, քաղցրակերները կարծում են, թե կարող են իրենց չզրկել հաճույքներից՝ վախենալով ավելորդ կիլոգրամներից: Սակայն ու արհեստական քաղցրացուցիչներով քաղցրավենիքի եւ ըմպելիքների գործածումը սադրում է մետաբոլիկ ախտանիշ ու բարձրացնում 2-րդ տեսակի շաքարախտի զարգացման հավանականությունը»,- նախազգուշացնում են մասնագետները:

Մետաբոլիկ ախտանիշը զարգանում է ինսուլինի նկատմամբ հյուսվածքների անընկալունակության պատճառով: Ինսուլինը այն հիմնական հորմոնն է, որը պատասխանատու է գլյուկոզայի յուրացման համար: Տվյալ խանգարման դեպքում առաջանում են մետաբոլիկ, հորմոնալ ու կլինիկական համալիր խանգարումներ, որոնք ռիսկի գործոններ են սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի,որովայնային ճարպակալման համար:

Մասնագետների խոսքով, արհեստական քաղցրանյութերով ըմպելիքների ու մթերքների ամենօրյա գործածումը 0.7 տոկոսով բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, եւ 67 տոկոսով էլ՝ շաքարախտի զարգացման վտանգը: