Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանում տեղի է ունեցել ՄԻԱՎ/ ՁԻԱՀ թեմային նվիրված լրագրողական աշխատանքների մրցույթի հաղթողների պարգեւատրումը: Մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել NEWS.am Medicine-ի թղթակցի աշխատանքը:
«Մրցույթի շրջանակում մենք բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ ենք ստացել, դրանք ուղարկել ենք ժյուրիին, որի կազմում ՄԻԱվ/ ՁԻԱՀ ոլորտի փորձագետներ են: Նրանք ընտրել են երեք աշխատանք՝ առաջին, երկրորդ ու երրորդ տեղերի համար»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» նախաձեռնության անդամ Հովհաննես Մադոյանը:
Մրցույթում երրորդ տեղն է զբաղեցրել Արման Ղարիբյանը, այն հոդվածի համար, որը նվիրված էր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց խնդիրներին, որոնց նրանք բախվում են ՄԻԱՎ-ի ախտորոշման ու բուժման ժամանակ:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Նելլի Բաբայանի հոդվածը ՝ ներընտանեկան խտրականությունների ու իր ամուսնուց ՄԻԱՎ-ով վարակված եւ սկեսուրի կողմից երեխաների հետ միասին տնից վռնդված կնոջ ողբերգական պատմության մասին:
Առաջին տեղը ստացել է NEWS.am Medicine –ի թղթակից Ամալյա Գաբրիելյանի պատրաստած դրական ուղերձով նյութը, որը պատմում է ՄԻԱՎ-ով ապրող մի դեռահասի մասին: Հոդվածը կոչվում է «ՄԻԱՎ-ը մահվան դատավճիռ չէ. պատմում է ՄԻԱՎ վարակակիր դեռահասը»:
«Այդ նյութերում սենսացիա չկա, դրանք ուղղված են իրավիճակի վերլուծությանը, փորձում են հասկանալ խտրականության պատճառները ու ցույց տալ հասարակության մեջ առկա երեւույթների իրական պատկերը»,-նշել է Հովհաննես Մադոյանը:
Մրցույթը անց է կացվել ՄԻԱՎ/ ՁԻԱՀ հարցերով ՄԱԿ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ ՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության եւ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց արեւելաեվրոպական ու Կենտրոնական Ասիայի միավորման հետ համատեղ:






