Ճարպակալումով տառապող 3 ամյա աղջկա մոտ  ախտորոշել են 2-րդ տեսակի շաքարախտ. նա համարվում է ամենաերիտասարդ հիվանդը ՝ շաքարախտի այդ տեսակով, որի զարգացումը սովորաբար պայմանավորված է ավելորդ քաշով: Այդ աղջկա մասին պատմել է բժիշկ Մայքլ Յաֆին ՝ Department of Paediatric Endocrinology at the University of Texas- ից, որը բուժել էր նրան: Նա այդ դեպքը ներկայացրել էր գիտաժողովում, որն անցել է Սթոքհոլմում:

Աղջիկը, ում անունը չեն հայտում, ապրում է Տեքսասում ու կշռում է 35 կգ, ինչը չափից շատ է նրա տարիքի երեխայի համար: ԱՀԿ տվյալներով ՝ նրա տարիքի երեխան պետք է կշռի մոտավորապես 15-18 կգ: Բժշկի խոսքով ճարպակալումով տառապում է ոչ միայն աղջիկը, այլեւ նրա երկու ծնողները: Ըստ երեւույթին դրա պատճառն այն է, որ նրանց ընտանիքում սնվելու սխալ սովորություններ են եւ նրանք չեն վերահսկում իրենց ընդունած կալորիաների ու ճարպերի քանակը: Հենց այդ անառողջ սովորություններն էլ փոքրիկ երեխայի հիվանդության պատճառն են դարձել:

Ծնողները նրան բերել են բժշկի մոտ, երբ նկատել են, որ նա սկսել է շատ ջուր խմել ու հաճախ զուգարան գնալ: Արյան անալիզները հաստատել են, որ նա շաքարախտ ունի: Բժիշկները նրան դեղեր են նշանակել արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելի դարձնելու համար ու իհարկե նաեւ դիետա, որպեսզի շտապ նվազեցնեն նրա քաշը:

Երբ նա նիհարել է, արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորվել է, բայց բացառված չէ, որ ապագայում այն նորից կբարձրանա:

Բժիշկների խոսքով, երկրորդ տեսակի շաքարախտը ու դրա հետ կապակցված ճարպակալումը ադեն իսկական համաճարակ են դառնում: Դրանցով արդեն ոչ միայն մեծահասակներն են տառապում, այլեւ դեռահասները ու պարզվում է՝ նույնիսկ երեխաները: Մեծ Բրիտանիայում նման ախտորոշումով ամենաերիտասարդ հիվանդն ընդամենը 7 տարեկան էր: