Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտավորապես 40 տոկոսը այսպես թե այնպես կապակցված է կանանց հորմոնալ համակարգի հետ, հավաստիացնում է գինեկոլոգ Արտյոմ Ստեփանյանը: Հենց դրա համար էլ, նրա խոսքով, առողջ կենսակերպը քաղցկեղի կանխարգելման լավագույն միջոցներից մեկն է: ընդ որում խոսքը ոչ միայն կրծքագեղձի՝ այլեւ քաղցկեղի բոլոր մյուս տեսակների մասին է:

Ինչպես նշեց մասնագետը, հատկապես կարեւոր է առողջ քաշի պահպանումը: Իզուր չէ, որ քաղցկեղը քաղաքակրթության հիվանդություն են անվանում, անցյալում այն շատ ավելի քիչ էր տարածված , քան այսօր: Ըստ երեւույթին խնդիրն այն է, որ վերջին տարիներին մարդկանց կենսակերպը ավելի պասիվ է դարձել, իսկ սնունդը ՝ վնասակար ու կալորիական: Կա կարծիք, որ դարի մեկ այլ հիվանդություն՝ մետաբոլիկ ախտանիշը (շաքարախտ, ճարպակալում՝ հատկապես որովայնի շրջանում, հորմոնալ խանգարումներ, հիպերտոնիա ) կապակցված է քաղցկեղի զարգացման ռիսկի հետ. օրգանիզմում ճարպային կուտակումների ավելցուկը սերտ կապակցված է հորմոնալ համակարգի խախտումների հետ, որոնք էլ իրենց հերթին բարձրացնում են կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղի հավանականությունը:

Քաղցկեղի վտանգը նվազեցնելու նպատակով Արտյոմ Ստեփանյանը կանանց խորհուրդ է տալիս առողջ կենսակերպ վարել ու ձգտել քաշը նորմայի սահմաններում պահել, քանի որ օրգանիզմում ճարպային կուտակումների ավելցուկը ռիսկի լուրջ գործոն է: Մասնագետը խորհուրդ է տալիս ճիշտ սնվել՝ նախապատվություն տալով առողջարար, օգտակար մթերքներին ու հնարավորության դեպքում քչացնելով շաքարի եւ ռաֆինացված, լուրջ մշակման ենթարկված մթերքների գործածումը:

Արտյոմ Ստեփանյանը նաեւ հիշեցնում է, որ կրծքագեղձի քաղցկեղն այսօր արդեն մահվան դատավճիռ չի համարվում. կարեւորն այն հնարավորինս շուտ հայտնաբերելն է, այդ դեպքում բուժումը շատ ավելի արդյունավետ կլինի: Իսկ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերել հնարավոր է միայն ՈւՁՀ օգնությամբ, եթե կինը դեռ 40 տարեկան չկա, եւ մամոգրաֆիական հետազոտությամբ, եթե նա 40-ն անց է: