Հայաստանում առաջին օղակի առավել ակտիվ բուժաշխատողները խրախուսական պարգեւատություն կստանան, որի չափը պայմանավորված կլինի նրանց կատարած աշխատանքի ծավալով: Հնարավոր առավելագույն պարգեւատրությունը կլինի նրանց ամսական աշխատավարձի չափով: Այս մասին մեզ պատմել է Առողջապահության պետական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը:
Նրա խոսքով, պոլիկլինիկայի աշխատողը չպետք է պարզապես նստի իր տեղում ու սպասի, թե երբ են իր մոտ հիվանդներ գալու: Նա պետք է ակտիվ ներգրավի հիվանդներին կանխարգելիչ հետազոտություններում ու սքրինինգային ծրագրերում ու առողջ կենսակերպի գաղափարներ տարածի:
Ինչպես նշեց Սարո Ծատուրյանը, 2011 թ. սկսած Հայաստանում գործում է պոլիկլինիկաների աշխատակիցների խրախուսման մեխանիզմը, որի շրջանակում վերջիններս, ըստ իրենց աշխատանքի արդյունավետության, խրախուսական պարգեւատրում են ստանում: Նրանց աշխատանքի որակը գնահատվում է 28 ցուցանիշով, որոնցից են նաեւ խրոնիկ հիվանդություններով հիվանդների ճիշտ հսկողությունը, երեխաների պատվաստումները եւ այլն:
Սակայն հիմա, առաջին օղակի աշխատակիցները կարող են նաեւ լրացուցիչ պարգեւատրման հույս ունենալ. այս տարի Հայաստանում մեկնարկել է սրտի եւ արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդությունների վաղ բացահայտման սքրինինգային ծրագիր: Այս ծրագրի հաջող իրականացման համար Համաշխարհային բանկը լրացուցիչ ֆինանսական միջոցներ է տրամադրել, որոնք նույնպես կհատկացվեն պոլիկլինիկաների բուժաշխատողների խրախուսական պարգեւատրումների նպատակով, եւ այն աշխատակիցները, որոնք կկատարեն բոլոր սահմանված պահանջները, կկարողանան տարեկան ոչ թե մեկ, այլ երկու անգամ պարգեւատրում ստանալ, քանի որ նրանց աշխատանքի արդյունքները գնահատվելու են ամեն կիսամյակ:
Այս տարվանից սկսած ՝ առաջին օղակի բժիշկներից բացի (ընտանեկան բժիշկ, թերապեւտ, մանկաբույժ) խրախուսական պարգեւատրումների համակարգում ներառվելու են նաեւ առաջին օղակում աշխատող գինեկոլոգ մանկաբարձերը, որոնց համար նույնպես սահմանված են ուղեցույցներ, որոնցով գնահատվելու է նրանց աշխատանքը:






