Առաջնեկներն ունեն սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարախտի ավելի բարձր ռիսկ , ցույց է տվել նոր հետազոտությունը:
Նոր Զելանդիայում կատարված ոչ մեծ հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են 40-50 տարեկան հավելյալ քաշ ունեցող 50 առաջնեկ տղամարդու, համեմատելով նրանց ՄԶՑ (մարմնի զանգվածի ցուցանիշը) նույն ընտանիքում երկրորդ ծնված տղամարդկանց հետ: Հետազոտողները նաեւ դիտարկել են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորող ինսուլինի հանդեպ զգայունությունը:
Նրանք բացահայտել են, որ չնայած երկու խմբում էլ տղամարդիկ ունեցել են միանման միջին հասակ, առաջնեկների մոտ քաշը 15 ֆունտով ավելի է եղել: Իսկ ՄԶՑ-ը առաջնեկների շրջանում կազմել է 29, ի տարբերություն երկրորդ երեխաների, որոնց դեպքում այդ ցուցանիշը կազմել է 27.5: Բարձր ՄԶՑ ունեցող մարդիկ սիրտ-անոթային հիվանդությունների ավելի բարձր ռիսկ ունեն:
Համաձայն հետազոտության տվյալների, առաջնեկների մոտ ինսուլինի հանդեպ զգայունությունը 33% -ով ցածր է եղել, ի տարբերություն երկրորդը ծնված տղամարդկանց: Ինսուլինի հանդեպ ցածր զգայունություն ունեցող մարդկանց օրգանիզմի բջիջները ինսուլինի առկայությանը արձագանքելու ավելի փոքր ունակություն են ունեցել, այդ պատճառով էլ ենթաստամոքսային գեղձը պետք է ավելի շատ աշխատի, որ կոմպենսացնի այդ վիճակը: Դա ստեղծում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման բարձր ռիսկ, տեղեկացնում է Fox News-ը։
Պարզ չէ, թե ինչպես է ծնվելու հաջորդականությունն ազդում նյութափոխանակության վրա, բայց հնարավոր է, պլացենտայում արյան շրջանառության առանձնահատկությունները որոշակի դեր են խաղում, ասում են հետազոտողները: Կնոջ առաջին հղիության ժամանակ արգանդի արյունատար անոթները եւ լորձաթաղանթը երկարատեւ կառուցվածքային փոփոխությունների են ենթարկվում՝ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով հետագա պտուղների համար:
Հետազոտողները զգուշացնում են, որ իրենց ուսումնասիրությունները վերաբերում են միայն քաղաքային շրջաններում բնակվող գեր տղամարդկանց, եւ արդյունքները չեն կարող վերաբերել այլ խմբի մարդկանց:






