Եթե Հայաստանի առողջապահության ներկայիս համակարգը եւ հայկական հիվանդանոցների վիճակը համեմատենք նրա հետ, ինչ գոյություն ուներ 10 եւ նույնիսկ 5 տարի առաջ, կարելի է էական տարբերություն նկատել։ Այդ տարբերությունը հատկապես նկատելի է մարզային հիվանդանոցներում։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք է հայտնել առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։
Նրա խոսքով, առողջապահության նախարարությունը շատ լավ հասկանում է, որ բժշկին պետք է զարգանալու, աճելու եւ գիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տալ, դրա համար էլ վերջին տարիներին մարզերի զարգացման ծրագրի շրջանակում վերանորագվել է ավելի քան 20 հիվանդանոց, որոնք ապահովվել են նորագույն սարքավորումներով, որպեսզի մասնագետները զարգանալու եւ հիվանդների որակյալ բուժօգնություն տրամադրելու հնարավորություն ունենան։ Հենց դրա համար էլ ներկայումս հիվանդանոցներն իրենց տեխնիկական հագեցածությամբ, ինչպես նաեւ ընդհանուր վիճակով եւ հնարավորություններով տարբերվում են նրանից, ինչ կար մի քանի տարի առաջ։ Բացի այդ, շատ բան է արվում, որպեսզի բժիշկները հնարավորություն ունենան այլ երկրների մասնագետների հետ փորձի փոխանակում կատարելու եւ նրանցից սովորելու։
Սերգեյ Խաչատրյանը նշել է նաեւ, որ վերջերս շատ է խոսվում Հայաստանում երեխաների մահացության շատ դեպքերի արձանագրման մասին։ Ցավոք, մանկական մահացության խնդիրն առկա է ամենուր, բոլոր երկրներում, եւ բժշկությունը դժբախտաբար դեռեւս ի վիճակի չէ բոլորին փրկել, նշել է նախարարի տեղակալը։ Սակայն նրա խոսքով մանկական եւ մայրական մահացությունը Հայաստանում տարեցտարի նվազում է, եւ դա փաստ է։ Եթե չկան հավաստի տվյալներ ցանկացած հիվանդությամբ հիվանդացման վերաբերյալ, այնուամենայնիվ, մահացության յուրաքանչյուր դեպք պաշտոնապես արձանագրվում է, դրա համար էլ մահացության վերաբերյալ տվյալները, նախարարի տեղակալի խոսքով, ճշգրիտ են։
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն, 2014-ին 1990-ի համեմատ մանկական մահացությունը նվազել է 53 տոկոսով, նույն չափով էլ նվազել է մայրական մահացությունը։






