Աշխարհում քաղցկեղից պաշտպանվելու միայն մեկ հուսալի մեթոդ կա՝ նիհարելը, սա է վկայում ամերիկյան գիտնականների ձեռնարկած նոր ծավալուն հետազոտությունը, որի նպատակն էր գտնել քաղցեղի զարգացման ու ճարպակալման կապը:
Այսօր ամերիկացիների մեկ երրորդից ավելին, նաեւ յուրաքանչյուր հինգերորդ բրիտանացին ճարպակալման զոհերի շարքին են դասվում, իսկ մի քանի միլիոն մարդ էլ ավելորդ քաշ ունի:
Lancet ամսագրի հրատարակած հետազոտությունը վերլուծել է ավելի քան 5 միլիոն մարդու վերաբերյալ տեղեկություններ: Հետազոտության հեղինակները ուզում էին գտնել ճարպակալության ու քաղցկեղի կապը: Արդյունքներն ապշեցուցիչ էին:
Միայն Մեծ Բրիտանիայում ավելորդ քաշով պայմանավորված քաղցկեղի տարեկան 12 000-նոր դեպք է բացահայտվում: Առհասարակ քաղցկեղով հիվանդանալու վտանգն աճում է գոտկատեղի հաստության հետ մեկտեղ: Հետազոտողները պարզել են, որ մարմնի զանգվածի գործակցի յուրաքանչյուր հինգ կետով ավելացումը 62 տոկոսով բարձրացնում է արգանդի քաղցկեղի եւ 25 տոկոսով էլ՝ երիկամների ուռուցքների հավանականությունը:
Տղամարդկանց մոտ «գարեջրային որովայնի» առկայությունը ռիսկի գործոն է աղիքների ուռուցքների տեսակետից: Ավելորդ ճարպը էստրոգեն հորմոնի արտադրության պատճառ է դառնում, ինչն էլ հանգեցնում է կրծքի քաղցկեղի: Հենց դրա համար էլ գիտնականները եզրակացնում են, որ քաղցկեղի կանխարգելման միակ հուսալի միջոցը նիհարելն է:






