12 տարի առաջ Կատրինա Ռեյդֆորդը կրում էր աշխարհի ամենագեր կնոջ տիտղոսը եւ մոտ 500 կիլոգրամ էր կշռում: Այժմ նա 230 կիլոգրամով նիհարել է, չնայած՝ նորմալ քաշի հասնելու համար նա դեռ շատ պիտի աշխատի:  

Նրան ինչպե՞ս է հաջողվել նիհարել

Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ, թե նա ինչու է գիրացել: Կատրինան ճարպակալման պատճառ է համարում սեռական բռնությունը, որին նա մանուկ հասակում ենթարկվել է մի քանի տարի շարունակ:  Դեռեւս այն ժամանակ աղջիկը սկսել էր սթրեսից ազատվել քաղցրեղեն ուտելու միջոցով, իսկ   երբ 12 տարեկան էր, նրա մայրիկն արդեն ստիպված էր նրա համար մեծ չափսի հագուստ փնտրել:  14 տարեկանում աղջիկը ութ ամիս անցկացրեց հոգեբուժական կլինիկայում, որտեղ նրան օգնում էին հաղթահարել շատակերությունը: Բայց չկարողացան. նրա քաշն առաջվա պես շարունակում է աճել: 

21 տարեկանում Կատրինան արդեն 432 կիոլգրամ էր կշռում եւ  «աշխարհի ամենագեր կին» տիտղոսին էր արժանացել: Նրա համար դժվարացավ տեղաշարժվելը եւ նա ստիպված եղավ մոր տուն տեղափոխվել: Անկողնում՝ մոր խնամքի տակ հինգ տարի ապրելով, աղջիկը շարունակում էր սթրեսն ուտելով թեթեւացնել եւ սկսեց ավելի ծանր կշռել: Այդ ամբողջ ընթացքում նրա միակ զվարճությունը տղամարդկանց հետ համացանցի միջոցով շփվելն էր:  Սննդից իր կախվածության գագաթնակետում նա  մոտ 500 կիլոգրամ էր կշռում:

Մի անգամ՝ 2003-ի սկզբին նրա մոտ շնչառական խնդիրներ սկսվեցին. նրան հիվանդանոց հասցնելու համար բժիշկները ստիպված եղան տան պատերից մեկը քանդել:  

Այդ ժամանակվանից Կատրինի կյանքը փոխվել է. նա առաջին անգամ որոշել է նիհարել:  Ամենապարզ միջոցը ստամոքսի վիրահատություն անելն էր, բայց նրա քաշն ու առողջական վիճակն այնքան էլ հարմար չէին վիրահատության համար:   Այդ ժամանակ նա ստիպված եղավ խիստ սննդակարգի անցնել, որը կազմեցին մասնագետները:  Նրա օրական սնունդը կազմված էր ճարպազատված մսի, մրգերի եւ բանջարեղենի փոքրիկ չափաբաժիններից: Երբ նա նորից կարողացավ շարժվել եւ վեր կենալ անկողնուց, սկսեց քայլել եւ սպորտով զբաղվել:  

Այդ եղանակով նա կարողացավ ինքնուրույն ավելի քան 100 կիլոգրամ նիհարել, ինչից հետո նրա ստամոքսը վիրահատությամբ փոքրացրեցին: Իհարկե, վիրահատությունից հետո ամեն ինչ սկսեց ավելի արագ առաջ գնալ:  

Ներկայումս 38-ամյա Կատրինան 203 կիլոգրամ է կշռում եւ իրեն անհամեմատ ավելի լավ է զգում, չնայած հույս ունի, որ իր քաշը կշարունակի նվազել: Նա շարունակում է շաբաթը մի քանի անգամ մարզասրահ հաճախել եւ նույնիսկ սկսել է վազել: 

Այսօր Կատրինայի միակ խնդիրը ավելի քան 60 կիլոգրամ կշռող ավելորդ մաշկն է, որը մնացել է նիհարելուց հետո: Այժմ Կատրինան վիրահատության փող է հավաքում այդ թերությունը վերացնելու համար: Նրան մոտ   10,000 դոլար պետք կլինի, որից առայժմ հավաքել է միայն 1190 դոլարը: