Փորձելով բացահայտել, թե ինչո՞ւ են կանայք եւ տղամարդիկ տարբերվում իրենց ֆիզիկական հատկություններով, Ֆինլանդիայի Հելսինկիի համալսարանի  հետազոտողներն ուշադրություն են դարձրել կանանց եւ տղամարդկանց առանձնացնող սեռական X քրոմոսոմի վրա, եւ թե ինչպես է այն ազդում հասակի վրա:

Քրոմոսոմները մարդու բջիջների կորիզներում գտնվող, ԴՆԹ պարունակող կառուցվածքներ  են:  Սեռական X եւ Y  քրոմոսոմները որոշում են, թե  ինչ սեռի է լինելու սաղմը՝ արական թե՞ իգական:

Տղամարդկանց յուրաքանչյուր բջջում պարունակվում է մեկ X եւ մեկ Y քրոմոսոմ, այն ժամանակ, երբ կանանց մոտ առկա է երկու  X քրոմոսոմ:

Հետազոտողները գտել են X  քրոմոսոմի մեջ պարունակվող ITM2A գենը, որի ենթատիպերը որոշում են բարձր կամ ցածր հասակը: Դա բացատրվում է նրանով, որ այս գենը մասնակցում է աճառային հյուսվածքի ձեւավորմանը: Ինչքան երկար է զարգանում աճառը, այնքան ավելի բարձրահասակ է լինում մարդը:  Գենի տարբերակներից մեկը, որը բերում է նրա ուժեղացած արտադրության, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ուղեկցվում է  ցածրահասակությամբ:

Այսինքն գենի ինտենսիվ աշխատանքը որոշակի մակարդակի վրա պաշարում է  աճառային հյուսվածքի զարգացումը:

Բայց կանանց մոտ այս գենն ավելի ինտենսիվ է աշխատում, քան տղամարդկանց մոտ, քանի որ կանանց մոտ այն գտնվում է երկու օրինակով ՝ մեկական յուրաքանչյուր X քրոմոսոմի վրա: Դրանով էլ բացատրվում է կանանց ավելի ցածրահասակությունը:

Կանանց մոտ X-քրոմոսոմային գեների կրկնակի թիվը կարող է խնդիրներ առաջացնել զարգացման ընթացքում: Դրանից խուսափելու համար կանանց բջիջներում գործում է  հատուկ մեխանիզմ, որն  ընկճում է երկրորդ X քրոմոսոմը: Բայց ITM2A գենի կողքին գիտնականները հատված են  գտել, որը թույլ է տալիս այդ գենին խուսափել աշխատանքի ճնշումից:

Դա թույլ է տալիս կանանց բջիջներում գտվող X-քրոմոսոմի ITM2A գենին շարունակել աշխատել կրկնակի ծավալով, իսկ կանայք այդ պատճառով դադարում են աճել:

Դա նշանակում է, որ գենի երկու կրկնօրինակներ կարող են ակտիվ մնալ կնոջ յուրաքանչյուր բջջում, ի տարբերություն տղամարդկանց, ովքեր յուրաքանչյուր բջջում ունեն միայն մեկ X քրոմոսոմ, եւ այդ գենի  միայն մեկ կրկնօրինակ:

Քանի որ X  քրոմոսոմը ԴՆԹ-ի կարեւոր մաս է, հետազոտողները հույս ունեն, որ PLOS Genetics ամսագրում հրատարակված աշխատանքը խթան կլինի այս քրոմոսոմի եւ  կանանց ու տղամարդկանց միջեւ կենսաբանական այլ տարբերությունների վրա  նրա ազդեցության հետագա ուսումնասիրման համար:

Նրանք կարծում են, որ այս հետազոտությունը գիտնականներին մանրամասն տեղեություններ կտա, թե ինչու որոշ հիվանդություններ ավելի հաճախ հանդիպում սեռերից մեկի մոտ: