Ընտանեկան բժշկության ինստիտուտը նպաստում է առողջապահության ամբողջ համակարգի օպտիմացմանը, հենց այդ պատճառով էլ դրա կայացումը Հայաստանում այդքան կարեւոր է: NEWS.am Medicine թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանը:
Եվրոպական զարգացած երկրներում ընտանեկան բժշկության ինստիտուտը արդեն շատ բարձր մակարդակի վրա է, ու առողջական խնդիրների 80 տոկոսը լուծվում է ընդհանուր պրակտիկայի բժշկի կաբինետում: Իսկ Հայաստանում, ինչպես նշեց մասնագետը, ընտանեկան բժշկությունն առայժմ այդքան զարգացած չէ: Այստեղ դրա մասին առաջին անգամ սկսեցին խոսել 1999 թ., բայց դրա ներդրման ուղղությամբ իրական քայլերը սկսվեցին 2000 թ.:
Ստացվում է, որ արդեն 15 տարի է Հայաստանն ընտանեկան բժշկության կայացման ճանապարհին է, ու որոշակի հաջողություններ արդեն կան ( օրինակ մասնագետների գնահատականով, երկրի մարզերում ինստիտուտն արդեն բավականին հարթ աշխատում է ) բայց առջեւում նույնpես շատ անելիքներ կա: Երբեմն հայ մասնագետները հիշեցնում են իրենց, որ եվրոպական երկրներում նույնպես ամեն ինչ միանգամից չի ստացվել: Օրինակ մասնագետները հավաստիացնում են, որ Մեծ Բրիտանիայում այդ ինստիտուտի կայացումը 30 տարի է տեւել, բայց հիմա ընտանեկան բժշկությունն այնտեղ շատ բարձր մակարդակի վրա է :
«Հայաստանը դեռ այդ ճանապարհին է, ու մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանում զարգացնենք ընտանեկան բժշկությունը ու նպաստենք դրա կայացմանը»,- նշեց Մարինա Օհանյանը:
Իսկ ո՞րն է ընտանեկան բժշկության առավելությունը ու ինչո՞ւ է պետք այն զարգացնել:
Բժշկուհի Օհանյանի խոսքով, ճիշտ աշխատանքի դեպքում ընտանեկան բժշկությունը շատ արդյունավետ, որակյալ ու հասանելի համակարգ է: Ընտանեկան բժիշկն ավելի լավ է ճանաչում իր հիվանդին ու նրա պատմությունը, քան այն բժիշկը, որն այդ հիվանդին առաջին անգամ է տեսնում: Հենց միայն այդ հանգամանքն արդեն իսկ շատ կարեւոր է: Բացի դրանից, ընտանեկան բժշկության մեջ շեշտադրումն արվում է հիվանդությունների կանխարգելման ու առողջության պահպանման, այլ ոչ թե միայն բուժման վրա: Բացի դրանից ֆինանսական տեսակետից ընտանեկան բժշկությունն ավելի հասանելի է հիվանդների մեծամասնության համար, քանի որ դրա շրջանակում շատ ծառայություններ անվճար են ու տրամադրվում են պետպատվերի շրջանակում:






