Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականները բանանից նոր դեղամիջոց են ստեղծել, որն ի վիճակի է ոչնչացնել վարակահարուցիչների լայն տեսականի, այդ թվում նաեւ՝ հեպատիտ С-ի, գրիպի եւ ՄԻԱՎ-ի հարուցիչներ: Մասնագետները հույս ունեն, որ ապագայում նոր դեղամիջոցն արդյունավետ հակահարուցիչային միջոց կդառնա, որը կկարողանա մարդկությանը պաշտպանել մի քանի սարսափելի հիվանդությունից:
Նոր դեղամիջոցի առանցքային տարրը բանանի մեջ պարունակվող սպիտակուցն է՝ BanLec-ը: Այդ սպիտակուցն առաջին անգամ հայտնաբերվել է հինգ տարի առաջ. դեռեւս այն ժամանակ դա դիտարկվում էր որպես ՄԻԱՎ-ի բուժման արդյունավետ միջոց: Սակայն եթե նախկինում տվյալ սպիտակուցի օգտագործումը տհաճ երկրորդական հետեւանքներ էր առաջ բերում, այժմ գիտնականները նոր տարբերակ են ստեղծել, որը կարող է վարակահարուցիչների դեմ պայքարել առանց տհաճորեն գրգռելու եւ բորբոքային գործընթացներ առաջ բերելու:
BanLec-ն ազդում է՝ կառչելով շաքարի մոլեկուլներից, որոնք հայտնաբերվել են որոշ վիրուսների մակերեւույթին: Երբ դեղամիջոցը բռնում է վարակահարուցիչի մոլեկուլները, դրանք վնասազերծվում են եւ կարող են հեշտորեն օգտագործվել օրգանիզմի իմունային համակարգում:
Մկների վրա փորձարկվելով՝ BanLec սպիտակուցի նոր տեսակը, որը H84T է կոչվում, գրիպի վարակը կասեցրել է առանց որեւէ անցանկալի կողմնակի էֆեկտի: Սպիտակուցի նոր տարբերակը նաեւ լաբորատորիայում է հրաշալի արդյունք տվել՝ հյուսվածքների եւ արյան նմուշներում ոչնչացնելով ՄԻԱՎ-ի, հեպատիտ С-ի եւ գրիպի վարակահարուցիչները: Հետազոտողները ենթադրում են, որ դեղամիջոցը կարող է ազդել նաեւ էբոլայի հարուցիչի վրա, որովհետեւ այդ հարուցիչում եւս շաքարի մոլեկուլներ կան, որոնցից կառչում է BanLec-ը:
Սակայն մասնագետները զգուշացնում են, որ բանանի կանոնավոր օգտագործումը նույն դրական արդյունքը չի տա, որովհետեւ այն սպիտակուցը, որն օգտագործվում է դեղամիջոցում, իրենից ներկայացնում է բանանում պարունակվող քիմիական միացության փոփոխված մի տարբերակ:
Մինչեւ մարդկանց վրա դեղամիջոցի փորձարկումը սկսելը դեռ մի քանի տարվա հետազոտական աշխատանք կա կատարելու:






