Եթե  հոգեբանական ծառայությունների ոլորտում առկա համակարգը պատկերացնենք եռանկյունու տեսքով, ապա Հայաստանում այն գլխիվայր է շրջված: Այստեղ վերեւը ներքեւում է, իսկ ներքեւը՝ վերեւում:    Այդ մասին ասել է հոգեկան  առողջության հարցերով ԱՀԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Մաթ Միուջենը՝ ելույթ ունենալով   Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ սիմպոզիումին «Արժանապատվություն եւ հոգեկան առողջություն» վերնագրով միջազգային համաժողովի շրջանակում:  

Նա նշել է, որ Հայաստանում պահպանվել է հոգեբուժության այն համակարգը, որը ստեղծվել էր դեռեւս խորհրդային շրջանում, երբ հիմնական ծառայությունները մատուցվում էին հիվանդանոցում, իսկ առաջնային օղակն ու ընտանեկան բժիշկը ոչ մի կերպ չեն մասնակցում հոգեկան խանգարումների ախտորոշմանն ու բուժմանը:  Դա հանգեցնում է նրան, որ հոգեկան շեղումներն ախտորոշվում են մեծ ուշացումով եւ արդյունքում վատ են ենթարկվում բուժման, ինչպես նաեւ խնդիրներ ունեցող շատ մարդիկ ուղղակի դուրս են մնում մասնագետների տեսադաշտից:  

Մատ Միուջենը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրել է մեր երկրում մեկ տարի առաջ անցկացված հետազոտության արդյունքները, որի համաձայն, հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ բուժում են ստանում բացառապես ստացիոնար հիվանդանոցներում կամ էլ միակ դիսպանսերում:  Ոլորտի ֆինանսավորման մոտ   88%-ն ուղղվում է ստացիոնար բուժմանը:   Հայաստանում նման հիվանդների համար 1400 մահճակալ կա, ընդ որում դրանց 50%-ը զբաղեցնում են խրոնիկական հիվանդները, որոնք մշտական խնամքի կարիք ունեն, ոչ թե բուժման:   Միուջենի գնահատականներով, հոգեբուժության ոլորտին տրամադրվող միջոցների  30%-ը ծախսվում է  600 խրոնիկական հիվանդին պահելու վրա, եւ դա միջոցների ծախսման ոչ արդյունավետ միջոց է այն պարագայում, երբ չնչին միջոցներ են հատկացվում. մի հիվանդին տարեկան 3-4 դոլար է հասնում: Մասնագետներին դիմելու ցուցանիշը տարեկան մոտ  1.3% է, իսկ եթե նկատի առնենք, որ հոգեկան խնդիրներով տառապում է հասարակության 2-3%-ը, շատ հիվանդներ ուղղակի առանց բուժօգնության են մնում:  

ԱՀԿ-ի փորձագետի գնահատականի համաձայն, Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում տարբեր մասնագետների ինտեգրացիան շատ թույլ է:  Արտագաղթի պատճառով բարձր որակավորում ունեցող մասնագետների սուր պակաս է զգացվում: Մասնավորապես,   100 000 շնչին բաժին ընկնող հոգեբույժների թվով Հայաստանը երեք անգամ զիջում է Ռուսաստանին:  

Ընդ որում, աշխարհն արդեն վաղուց անցել է այնպիսի համակարգի, որտեղ կարեւոր դեր են խաղում ընտանեկան բժիշկն ու առաջնային օղակը, որտեղ հոգեբուժական խնդիրներ ունեցողները բուժում են ստանում իրենց բնակության վայրում, իսկ խրոնիկական հիվանդներին հոգ տանելու գործառույթը առողջապահության ոլորտից փոխանցվել է սոցիալական ապահովության ոլորտին:  Ընդ որում, համայնքային նշանակության կոմպակտ մասնագիտացած կենտրոններ են կազմակերպվում: Նման կազմակերպման պայմաններում հիվանդանոցային ծառայությունները եռանկյունու վերին մասում են գտնվում եւ ընդհանուր ֆինանսավորումից շատ փոքր մաս են վերցնում:  

Մուիջենը նշել է, որ իր այցի ընթացքում եղել է նաեւ Հայաստանի մի քանի փոքր մասնավոր կենտրոններում, որոնցում բուժումը կազմակերպված է շատ բարձր մակարդակում, բայց այդպիսի կենտրոնների թիվը շատ փոքր է եւ դրանք ինտեգրված չեն հոգեկան առողջության ընդհանուր համակարգում: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հայկական հոգեբուժական Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոսյանը նշել է, որ ԱՀԿ-ի փորձագետները անցյալ տարի Հայաստանում անցկացված իրենց հետազոտությունների արդյունքում Առողջապահության նախարարությանն ու հոգեբույժների հանրությանն են ներկայացրել այդ ոլորտում բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկությունները:  «Բոլոր այդ կետերն արդեն ներառված են մեր մշակած՝ հոգեկան առողջության ռազմավարության մեջ, բայց ԱՀԿ-ի մասնագետների առաջարկություններն ավելի կոնկրետ գործողություններ են ենթադրում, օրինակ՝ քանի հիվանդանոց փակել, քանիսը թողնել եւ այլն:  Առողջապահության նախարարությունը սկզբունքորեն ընդունել է այդ առաջարկությունները: Դրանց իրականացման համար Համաշխարհային բանկից վարկ ստանալու հայտ է ներկայացվել, բայց դա դեռեւս չի հաստատվել», - ասել է նա: