Նեւրոզն այսօր ամենատարածված հիվանդությունների թվին է դասվում ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում: Դրանց լայն տարածումը հավանաբար կապված է մեծ քանակությամբ սթրեսների հետ, որոնց անընդհատ բախվում ենք: Հնարավո՞ր է ինչ-որ եղանակով կանխել նեւրոզի տարածումը: Այդ հարցի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը:
Նրա խոսքով, նեւրոզի պրոֆիլակտիկայում ամենակարեւորը սթրեսներից ու բախումներից հնարավորինս խուսափելն է ինչպես աշխատանքում, այնպես էլ տանը: Դրա համար ցանկալի է հնարավորինս կարգավորել ընտանեկան, աշխատանքային եւ իհարկե սեռական հարաբերությունները, որովհետեւ նեւրոզը հաճախ կապված է լինում սեռական հարաբերությունների հետ:
Մարդիկ կան, որոնք անընդհատ բախումների են ձգտում եւ նման են քայլող տհաճության. սեքսապաթոլոգի կարծիքով ցանկալի է հեռու մնալ նման մարդկանցից:
Մարատ Զաքարյանը նաեւ նշել է, որ ուրախ, ուժեղ, հավասարակշռված եւ ինքնավստահ մարդիկ հազվադեպ են նեւրոզով հիվանդանում: Դրա համար էլ պետք է ջանալ ինքդ քո մեջ զարգացնել այդ հատկանիշները:
Իսկ երեխաների մոտ նեւրոզի պրոֆիլակտիկայի համար չափազանց կարեւոր է ճիշտ վերաբերվել նրանց դաստիարակությանը, երեխային մեղավորության, անլիարժեքության կամ էլ հակառակը՝ գերազանցության զգացում չներարկել: Երեխայի եւ ծնողների միջեւ պիտի նորմալ, առողջ հարաբերություններ լինեն, երեխան պիտի անընդհատ լարված չլինի՝ պատժի սպասելով կամ էլ մեղավորություն զգալով այս կամ այն արարքի համար:
Որոշ մասնագետներ նաեւ խորհուրդ են տալիս նեւրոզների պրոֆիլակտիկայի նպատակով հնարավորինս վառ լուսավորություն ապահովել, որովհետեւ լույսը նպաստում է սերոտոնինի արտադրությանը, պետք է ջանալ բավարար չափով քնել, լիարժեք սնվել, ընդ որում սննդակարգում մեծ տեղ պիտի զբաղեցնեն վիտամինների եւ միներալների բարձր տոկոս պարունակող մթերքները: Իսկ սուրճից ու ալկոհոլային խմիչքներից ցանկալի է հրաժարվել:






