Նկարչուհի Նինա Լինդեն հրատարակել է Կամասուտրա, որը գրված է Բրայլի տառատեսակով ու նախատեսված կույրերի համար:

Կույրերի սեռական կյանքի նկատմամբ հետաքրքրությունը Նինայի մոտ հայտնվել է Չիլի կատարած այցելությունից հետո: Այնտեղ նա մի կույր տղայի օգնել էր փողոցն անցնել ու զրույցի էր բռնվել նրա հետ: Տղան խոստովանել էր, որ սեքսի նկատմամբ հյուսիսային ժողովուրդների չափազանց ազատական մոտեցումն իրեն մի քիչ զարմացնում է:

Վերադառնալով տուն՝ աղջիկը մտել էր Սթոքհոլմի կույրերի գրադարան ու զարմացել՝ տեսնելով, որ այնտեղ սեքսի մասին ոչ մի գիրք չկա: Այդ ժամանակ Նինան որոշել է նման գիրք հրատարակել:

Գրքի բոլոր նկարները արված են Բրայլի տառատեսակով, ինչի շնորհիվ կույր կամ թույլ տեսողությամբ մարդը կարող է հասկանալ, թե ինչ է այնտեղ պատկերված: Լուսանկարները նաև հատուկ շոշափելի խթանիչներ ունեն, որոնց օգնությամբ ընթերցողը կարող է զգալ այն, ինչ հեղինակն է ուզում, որ նրանք զգան:

«Սա թույլ տեսողությամբ մարդկանց համար նախատեսված իր տեսակի մեջ առաջին գրավոր նյութն է՝ էրոտիկ խթանիչներով, ու ես չեմ կարծում, որ այն կարելի է «պոռնո» անվանել,- ասել է նկարչուհին,- բոլոր մարդիկ էլ սեռական խթանման կարիք ունեն ու իմ գիրքն այս հարցում բոլորին էլ կարող է օգնել »:

Տեսողական հաշմանդամների շվեդական ազգային ֆեդերացիայի նախագահ Խոկան Թոմսոնը լրագրողների հետ իր զրույցում նշել է, որ կույրերի համար էրոտիկ գրքի տպագրումը դրական քայլ է: «Ոմանք կարծում են, թե մենք սեռական կյանք չունենք: Բայց դա այդպես չէ,- ասել է նա,- Թույլ տեսողությամբ մարդուն սեքսը նույնքան անհրաժեշտ է, որքան ցանկացած այլ մարդու»: