Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի զեկույցը մսային սննդամթերքը քաղցկեղածինների ցուցակ մտցնելու մասին աղմկահարույց աժիոտաժ էր առաջ բերել, մսի պոտենցիալ վտանգի մասին տվյալների վերաբերյալ պարզաբանումով է հանդես եկել։  ԱՀԿ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մարդկանց բոլորովին էլ կոչ չեն անում դրա պատճառով հրաժարվել մսամթերքից։   

Հիշեցնենք, որ անցած շաբաթ բոլոր համաշխարհային լրատվամիջոցները շտապել էին տեղեկացնել կազմակերպության փորձագետների եզրահանգումների մասին, որոնց համաձայն մարդիկ ոչ միայն պիտի հրաժարվեն վերամշակված միս պարունակող մթերքներից, այլեւ մսից ընդհանրապես։  Ինչպես գրել է  The Independent-ը, «կազմակերպությունը կարմիր միսն ընդհանուր առմամբ դասել է   «հնարավոր քաղցկեղածին մթերքների» թվին։

Այդ հայտարարությունը վրդովմունք է առաջ բերել միս եւ մսամթերք արտադրողների, ինչպես նաեւ մսային կերակրատեսակների շատ սիրահարների եւ միս օգտագործողների շրջանում։ Ընդդիմադիրները հույս ունեն, որ ԱՀԿ-ը դիտավորյալ չափազանցնում է միս օգտագործելու վտանգը՝ իրեն, օրինակ, այսպիսի արտահայտություն թույլ տալով․«օրվա ընթացքում խոզապուխտի ընդամենը երկու շերտիկը (50 գր) 18%-ով  մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը»։

Դրան ի պատասխան, ԱՀԿ-ն որոշել է ճշգրտում մտցնել՝ ասելով, թե մարդկանց բոլորովին կոչ չի անում ընդհանրապես հրաժարվել մսից եւ մսամթերքից։  Կազմակերպության մասնագետները պարզաբանել են, որ նրանց վերջին հայտարարությունը հաստատել է այն հանձնարարականները, որոնք սպառողներին խորհուրդ էին տալիս չափավորություն պահպանել մսամթերքի գործածության հարցում։  

«Հոդվածում չի խոսվում միս ուտելը դադարեցնելու անհրաժեշտության մասին։  Դրանում ընդամենը նշված է, որ մսամթերքի գործածությունը նվազեցնում է ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը», - պարզաբանել են ԱՀԿ-ում։ Կազմակերպությունից հայտնել են նաեւ, որ հաջորդ տարվա սկզբին այդ թեմայով եւս մի հետազոտություն կիրականացվի։