Հայաստանում հարսանիքից առաջ բժշկական հետազոտություն անցնելու մշակույթը դեռեւս զարգացած չէ: Բազմաթիվ զույգերի մտքով անգամ չի անցնում ընտանեկան կյանք սկսելուց առաջ հետազոտություն անցնել, սակայն, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի խոսքով, դա շատ օգտակար եւ նույնիսկ անհրաժեշտ պրակտիկա է:
Բանն այն է, որ բազմաթիվ սեռական վարակներ կարող են նախանշաններ չունենալ, դրանք կարող է բացահայտել միայն անալիզը: Եթե ամուսնությունից առաջ մարդը սեռական կյանքով ապրել է, չի բացառվում, որ կարող է այդպիսի վարակի կրող լինել: Հարսանիքից հետո նա կարող է վարակել զուգընկերոջը, եւ վարակն արդեն կրկնակի խնդիր կդառնա:
Սեռավարակները կարող են վնաս հասցնել ոչ միայն մարդու առողջությանն ընդհանրապես, այլեւ նրա վերարտադրողական առողջությանը: Եթե, օրինակ, կինը վարակվի իր ամուսնուց, կարող է հետագայում խնդիրներ ունենալ՝ կապված ոչ միայն հղիանալու, այլեւ երեխային կրելու ու նրա առողջության հետ:
Բնականաբար, սեռավարակները բուժվում են, սակայն, Գեորգի Պողոսյանի պնդմամբ, պետք չէ մոռանալ, որ դեղորայքի ընդունումը հազվադեպ է անհետեւանք մնում: Դեղամիջոցները կարող են, օրինակ, խաթարել երիկամի կամ լյարդի աշխատանքը: Կինը կարող է անգամ դա չզգալ, սակայն հղիանալուց հետո գոյություն ունեցող խնդիրները, ամենայն հավանականությամբ, կսրվեն:
Այդպիսի խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս սեռավարակների առկայության հետազոտություն անցնել ընտանեկան կյանք սկսելուց առաջ, ինչը կօգնի խուսափել զուգընկերոջը վարակելու վտանգի եւ զգալիորեն կթեթեւանի զույգի հետագա կյանքը:






