Մրգային հյութերի  մեջ պարունակվող շաքարի բարձր քանակությունը  դրանց  դարձնում է նույնքան վտագավոր առողջության համար, որքան քաղցրացված գազավորված ըմպելիքները  եւ լիմոնադը, ասվում է The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտությունը իրականացրած գիտնականները՝ Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանից  Ջեյսոն Ջիլը եւ Նավիդ Սատտարը, կոչ են անում առողջ մրգերի եւ բանջարեղենի ցանկից  բացառել  մրգային հյութերը, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Սատտարի խոսքով, օրինակ, մեկ բաժակ խնձորի հյութը պարունակում  է  26 գրամ շաքար, գրեթե նույնքան, որքան մեկ բաժակ կոլան:

«Մեկ բաժակ մրգային հյութը պարունակում է զգալիորեն ավելի շատ շաքար, քան մեկ հատիկ պտուղը, - պարզաբանեց նա.-  Բացի դրանից, մրգերի մեջ պարունակվող սննդարար նյութերի մեծ մասը , օրինակ՝ բջջանքը, չեն պարունակվում մրգային հյութերի մեջ, կամ պարունակվում են, բայց քիչ քանակություններով»։

2012  թվականին Հարվարդի համալսարանի հետազոտողները Circulation ամսագրին հաղորդել են, որ  քաղցր հյութերի առմենօրյա օգտագործումը 20 տոկոսով բարձրացնում է սրտային հիվանդությունների ռիսկը:

Չնայած մրգային հյութերը պարունակում են  վիտամիններ եւ հանքային աղեր, սննդարար նյութերի քանակությունը բավարար չէ փոխհատուցելու համար անառողջ ազդեցությունները, որոնք առաջանում են շաքարի չարաշահումից, ասել է բժիկ Ջիլը: