Եթե Ձեր շունը գեր է, ամենայն հավանականությամբ Դուք նույնպես ավելորդ քաշի  հետ կապված խնդիրներ ունեք։ Բանն այն է, որ գեր մարդիկ իրենց կենդանիներին հաճախ կերակրում են այնպես, ինչպես իրենք են սնվում։ Ավելին՝ նրանք ավելի քիչ են շարժվում եւ քիչ են զբոսնում իրենց շների հետ։ Այդ պատճառով ավելորդ քաշը լինում է ինչպես տիրոջ, այնպես էլ շան մոտ։ Այս մասին հայտնել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները։

Գիտնականների խոսքով՝ մարմնի ավելորդ զանգված ունեցող շների տերերը չեն կարող օբյեկտիվ գնահատել իրենց կենդանու քաշը։ Ընտանի կենդանիներից շատերի տերերը նրանց վերաբերվում են իրենց հավասարի պես եւ կարծում են, որ շները նույնպես իրենց նման արժանի են քաղցրավենիք եւ հյուրասիրություն ճաշակելու։ Նման մարդիկ հաճախ շներին խրախուսում են ուտելիքով, քան գովեստի այլ ձեւերով, ինչպես օրինակ՝ գրկախառնությամբ, խաղերով եւ այլն։

Բացի այդ, քիչ հավանական է, որ շների գեր տերերը նրանց հետ զբոսանքի կգնան, չնայած, որ հենց այդ զբոսանքները կարող են այրել կալորիաները։

Անասնաբույժները նախազգուշացնում են, որ շան ավելորդ քաշը կարող է բարձրացնել տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ կոնքազդրային հոդի դիսպլազիայի, շաքարախտի, բարձր ճնշման, լյարդի, քաղցկեղի, վերարտադրողական, մաշկի եւ բրդի խնդիրների առաջացման  հավանականությունը։