Ամեն տարի հոկտեմբերին Հայաստանում սկսվում է այսպես կոչված գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների սեզոնը, որը ձգվում է մինչեւ ուշ գարուն եւ անկողին պառկեցնում ամենաանհարմար պահին:

Ինչպե՞ս կարելի է խուսափել սուր շնչառական հիվանդություններից եւ գրիպից: Ոմանք կարծում են, որ տարվա ցուրտ եղանակին դա ուղղակի ահնար է, բայց դա այդքան էլ այդպես չէ:  Ահա թե ինչ պետք է անել, եթե դուք չեք ուզում վարակվել գրիպով՝

1. Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ազգային կենտրոնի ավագ մասնագետ Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս, որքան էլ տարրական չհնչի, հագնվել եղանակին համապատասխան:  Վերջին շրջանում Երեւանում եղանակը տաքացել է, բայց դա չի նշանակում, որ կարելի է կտրուկ անցնել ավելի թեթեւ հագուստի, քանի որ մրսելու դեպքում վիրուս ձեռք բերելու հավանականությունն ավելի շատ է:

2. Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս քթի խոռոչը ներսից  օքսոլինի քսուք քսել, հատկապես, եթե շրջապատում շատ են գրիպով եւ ՍՉՎ-ով հիվանդները: Քսուքը կպաշտպանի քթի լորձաթաղանթը, եւ վիրուսներին ավելի դժվար կլինի պահպանել կենսունակությունը եւ ավելի վեր բարձրանալ շնչուղիներով:

3. Հասարակական տրանսպորտում կարելի է բերանի խոռոչում  մեխակ կամ կիտրոնի կամ նարնջի կեղեւ պահել. դրանք նույնպես կարող են «ոչնչացնել»  քթըմպան ընկած վիրուսներին։  

4.  Եթե շրջապատում շատ գրիպով  հիվանդներ կան, փորձեք ձեզ մոտ նարդոսի կամ եղեվնու յուղով ( դրանք կարելի է գտնել Երեւանի շատ դեղատներում) թրջած  թաշկինակ պահել, եւ ժամանակ առ ժամանակ այն քթին մոտեցնել:

5. Օգտագործեք միայն թղթե, այլ ոչ թե կտորից թաշկիանկներ, եւ թափեք դրանք անմիջապես օգտագործումից հետո:

6. Ձեռքերը հաճախակի լվացեք: Փորձեք տրանսպորտում եւ աշխատանքի վայրում չդիպչել ձեր քթին, շուրթերին եւ աչքերին:

7. Հաճախակի օդափոխեք սենյակը, որտեղ գտնվում եք

8. Երեկոյան փորձեք ավելի շատ մրգեր եւ բանջարեղեն, սխտոր եւ թարմ սոխ ուտել՝ դրանք իմունային համակարգը ավելի ուժեղ են դարձում:

Եթե դուք ամեն դեպքում վարակվել եք գրիպով, Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել եւ բժշկի դիմել, որպեսզի հիվանդությունը չզարգանա: «Պետք է հիշել, որ յուրաքանչյուր հիվադություն ավելի լավ է կանխարգելել եւ  բուժել վաղ փուլում, եւ չսպասել, մինչեւ այն խորանա»,- նշում է նա: