ՔՀՄԳ-ն` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քաղցկեղի հետազոտության գործակալությունը գնահատել է կարմիր և վերամշակված մսի քաղցկեղածին ազդեցությունը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժինը:
Կարմիր միս
Մանրակրկիտ ուսումնասիրելով կուտակված գիտական գրականությունը, ՔՀՄԳ Մենագրությունների Ծրագրի շրջանակներում հրավիրված աշխատանքային խմբի նիստը (10 երկրների 22 փորձագետներ) դասակարգել է կարմիր մսի օգտագործումը որպես հավանական քաղցկեղածին մարդու համար (2А խումբ), հիմք ընդունելով`
- սահմանափակ ապացույցները, որ կարմիր մսի օգտագործումը մարդու օրգանիզմում առաջացնում է քաղցկեղ, և
- հիմնավոր մեխանիկական ապացույցները, որոնք վկայում են կարմիր մսի քաղցկեղածին ազդեցության օգտին:
Այս ասոցիացիան նկատվել է հիմնականում հաստ աղիքի քաղցկեղի դեպքում, բայց ասոցիացիաներ են նկատվել նաև ենթաստամոքսային գեղձի և շագանակագեղձի քաղցկեղի դեպքում:
Վերամշակված միս
Վերամշակված միսը դասակարգվել է որպես մարդու համար քաղցկեղածին (առաջին խումբ), հիմք ընդունելով մարդկանց հետազոտության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցները, որոնք փաստում են, որ վերամշակված միսը առաջացնում է հաստ աղիքի քաղցկեղ:
Մսի սպառումն ու դրա ազդեցությունը
Մսի սպառումը մեծապես տատանվում է երկրների միջև. սկսած շատ փոքր տոկոսներից մինչև 100%` մարդիկ օգտագործում են կարմիր միս և որոշակի տոկոսային հարաբերությամբ նաև վերամշակված միս: Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ օրական 50 գրամ վերամշակված մսի օգտագործումը մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը 18%-ով: «Անհատների համար վերամշակված մսի օգտագործման հետևանքով հաստ աղիքի քաղցկեղի ավելացման հավանականությունը մնում է փոքր, բայց ռիսկը ավելանում է վերամշակված մսի օգտագործման քանակի ավելացման հետ մեկտեղ»,- նշում է ՔՀՄԳ Մենագրությունների Ծրագրի ղեկավար Քուրթ Սթաֆֆը: Նա նշում է, որ հաշվի առնելով մարդկանց թիվը, ովքեր օգտագործում են վերամշակված միս, վերամշակված մսի քաղցկեղածին ազդեցությունը սկսում է հանրային առողջապահական նշանակություն ունենալ:
ՔՀՄԳ-ի աշխատանքային խումբը դիտարկում է ավելի քան 800 գիտական աշխատություններ, որոնք ուսումնասիրել են քաղցկեղի ավելի քան 10 տեսակների առաջացման և կարմիր ու վերամշակված մսի սպառման մակարդակների միջև հնարավոր ասոցիացիաները աշխարհի տարբեր երկրներում և տարբեր սննդակարգ ունեցող մարդկանց շրջանում: Ամենանշանակալի ապացույցները ստացվել են վերջին 20 տարիների ընթացքում կատարված ընդարձակ հեռանկարային կոհորտային հետազոտությունների արդյունքում:
Հանրային առողջապահություն
«Այս տվյալները լրացուցիչ հաստատում են հանրային առողջապահության առաջարկությունները` սահմանափակելու մսի օգտագործումը», - նշում է ՔՀՄԳ-ի տնօրեն Քրիստոֆեր Ուայլդը: - «Կարմիր միսը միևնույն ժամանակ սննդարար մեծ արժեք ունի: Ուստի այս արդյունքները կարևոր նշանակություն ունեն, քանզի հնարավորություն են տալիս կառավարություններին ու միջազգային կարգարող գործակալություններին իրականացնել ռիսկերի գնահատում, որպեսզի նրանք բալանսավորեն կարմիր և վերամշակված մսի օգտագործման բոլոր ռիսկերն ու օգուտները և առաջարկեն հնարավոր լավագույն սննդակարգերը»:
Նշումներ
Կարմիր միսը ընդգրկում է բոլոր տեսակի կաթնասունների մկանային միսը` տավարի, հորթի, խոզի, ոչխարի, այծի, գառի, ձիու:
Վերամշակված միսն արդեն վերամշակման` եփման, ծխեցման, խմորման ենթարկված միսն է: Այն շատ հաճախ պարունակում է այլ տեսակի կարմիր միս, ինչպես նաև ենթամթերքներ ու արյուն: Վերամշակված մսի ենթատեսակներ են երշիկը, նրբերշիկը, խոզապուխտը և այլն:






