Դեղերի ներդիր թերթիկները հայերեն պարտադիր դարձնելու պահանջը  հայ սպառողի իրավունքների  եւ լեզվի մասին օրենքի տեսանկյունից լրիվ արդարացված է, սակայն հաշվի առնելով իրողությունները, դա ծանր բեռ կլինի դեղ ներմուծողների ուսերին, որովհետեւ արտադրող ընկերությունները չեն համաձայնի Հայաստանի համար առանձին հայերեն թերթիկներ տպել։ Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է «Վագա ֆարմ» դեղ ներկրող ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը։  

Նա պարզաբանել է, որ նման փոքր քանակների համար, որոնք անհրաժեշտ են Հայաստանին, արտադրող ընկերությունները չեն համաձայնի նոր արտադրական շղթա ներդնել։ Դուրս է գալիս, որ  եթե «Դեղերի մասին օրենքը» ընդունվի այդ կետով, հայերեն թերթիկների հարցով պիտի զբաղվեն ներկրող ընկերությունները։ Իսկ Վահե Վարսանյանի կարծիքով զուտ տեխնիկական իմաստով նման բան կազմակերպելն անհնար կլինի։

Նրա խոսքով, բազմաթիվ հարցեր ի հայտ կգան. ինչպես պահպանել փաթեթավորման ամբողջականությունը, ինչը դեղերի անվտանգության պահանջներից մեկն է.  եթե թերթիկը փակցվի փաթեթի վրա, ինչպես տեղափոխել դեղերը, որպեսզի թերթիկները տեղում մնան, իսկ եթե դեղերը հատավաճառով են վաճառվում, ինչպե՞ս վարվել մեկ ներդիրի հետ։ 

Ընդ որում, այդ որոշումը չկատարելու համար խոշոր տուգանքներ են նախատեսվում՝ 400-ից 500 000 դրամի չափով։ Փոքր դեղատների համար նման տուգանքները կարող են կործանիչ լինել։ 

Վահե Վարսանյանն առաջարկում է այլ ուղիով գնալ. Համակարգչային բազա ստեղծել հայերեն բոլոր ինստրուկցիաներով, որպեսզի բոլոր դեղատները մուտք ունենան դրան եւ   տպագրեն ու գնորդներին տրամադրեն ըստ պահանջի։