Ցավոք սրտի, Իսրայելը ռազմական գործողությունների կամ ահաբեկչության հետեւանքով հիվանդների զանգվածային ներհոսքի պայմաններում հիվանդանոցների աշխատանքը կազմակերպելու մեծ փորձ ունի։ Այդ մասին Երեւանում՝ Վնասվածքների դեպքում անհետաձգելի բժշկական օգնությանը նվիրված համաժողովի ընթացքում հայտնել է Անէսէեզիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի (ESA)խորհրդի անդամ, Էյլաթի Յոսեֆտալ բժշկական կենտրոնի անէսթեզիայի եւ վիրահատական բլոկի ղեկավար Իոսիֆ Վիչելեւսկին։
Նրա խոսքով, աշխատանքի կազմակերպման առաջին փուլը բանակային ստորաբաժանումներից կամ էլ ուղղակի ականատեսներից պատահարի վերաբերյալ ազդանշան ստանալն է։ Այդ փուլում շատ կարեւոր է հնարավորինս շատ տեղեկություններ ստանալ վիրավորների քանակի, վնասվածքների բնույթի մասին եւ թե ինչքան ժամանակից տուժածներին հիվանդանոց կհասցնեն։
Հետո, Վիչելեւսկու խոսքով, նրա հիվանդաոցում գործում է բժիշկների իրազեկման միասնական համակարգ. կոճակի մի սեղմումով բոլոր բժիշկները հաղորդագրություն են ստանում հետեւյալ հարցով. «Դուք քաղաքո՞ւմ եք»։ Եթե բժիշկը քաղաքում է, նա հաստատող հաղորդագրություն է ուղարկում եւ պիտի հինգ-վեց րոպեից հիվանդանոցում լինի։ Իսրայելցի բժիշկը նշել է, որ կապի ինքնուրույն համակարգի առկայությունը շատ կարեւոր է, որովհետեւ ֆորս-մաժորային իրավիճակում բջջային կապը կարող է անջատվել։
«Հետաքրքիր է այդ պահին կողքից նայել մեզ։ Մենք ասես ռոբոտներ լինենք, իրար հետ չենք խոսում, ընդամենը գրանցվում ենք եւ գնում ենք մեր տեղը», - ասել է նա։
Այնուհետեւ, նրա խոսքով, հիվանդանոցը գնահատում է իր հնարավորությունները՝ քանի ազատ մահճակալ կա, քանի վիրահատարան եւ անհետաձգելի բուժօգնության քանի տեղ։ Հիվանդանոցում կենտրոնացած համակարգչային համակարգ կա, որով հնարավոր է տեսնել, թե որ վիրահատարաններն ու մահճակալներն են զբաղված պլանային հիվանդներով։ Ոչ ծանր հիվանդներին դուրս են գրում։ Ստուգվում են բոլոր սարքավորումները, բանկում արյան առկայությունը եւ ամեն ինչ պատրաստականության վիճակի է բերվում։ Գործունեության ամեն փուլում երկու մարդ ընթացակարգի մասին գրառումներ են անում. Նշում են այն ամենը, ինչ անում են բժիշկները։
Ինչպես պարզաբանել է Վիչելեւսկին, երբ վիրավորներին բերում են հիվանդանոց կամ երբ շտապօգնության մեքենան գնում է դեպքի վայր, առաջին հերթին բուժօգնություն է տրամադրվում ծանր վիրավորներին, բայց ոչ այն մարդկանց, որոնք տերմինալ վիճակում են։ Եթե տուժածի վիճակը կայունացնելու ուղղությամբ գործողությունները 25 րոպեի ընթացքում ցանկալի արդյունք չեն տալիս, նրան թողնում են։
Վիչելեւսկին նշել է, որ նման մոտեցումը կարող է ոչ մարդկային թվալ, սակայն պետք է հաշվի առնել, որ խոսքը այն դեպքերի մասին, երբ մի քանի տասնյակ տուժած կա, իսկ մարդկանց փրկելու համար ժամանակը սահմանփակ է։
Բժիշկը նաեւ նշել է, որ ախտորոշման (Համակարգչային տոմոգրաֆիա, Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, Գերձայնային հետազոտություն, անգիոգրաֆիա) հիվանդներին ուղարկում են միայն վիճակի կայունացումից հետո (ճնշման, սրտի ռիթմի, շնչառության), իսկ արյան կորուստի վերահսկողությունը իրականացվում է անհետաձգելի օգնության փուլում։
Վիչելեւսկու խոսքով, օգնության տրամադրման բոլոր փուլերում կա հատուկ պատասխանատու բժիշկ, բոլոր գործողությունները խստորեն կոորդինացված են, իսկ աշխատանքի հիմնական սկզբունքն այն է, որ ամեն փուլում ամեն ինչ պետք է մինչեւ վերջ արվի։ Տուժողը չի կարող ինչ-որ փուլից վերադարձվել նախորդին։
Նա նաեւ նշել է, որ տուժածների զանգվածային ներհոսքի պայմաններում հիվանդանոցի կարեւոր ստորաբաժանում է համարվում նաեւ խոհանոցը, որովհետեւ անձնակազմին եւ հիվանդներին անհրաժեշտ է կերակրել, ինչպես նաեւ լուսանկարների բաժինը, որը լուսանկարում է տուժածներին եւ դրանք դրսում կախում է, որպեսզի հարազատները կարողնան ճանաչել եւ տեղեկատվություն տրամադրել։
Վիչելեւսկին նաեւ հավելել է, որ վնասվածների առկայության դեպքում օգնության տրամադրումը պարտադիր առարկա է Իսրայելի բոլոր մասնագիտացումների բժիշկների համար։ Բացի այդ, տարեկան երկու անգամ երկրում զանգվածային հարվածներին եւ քիմիական գրոհին վերաբերող ուսումնամարզական հավաքներ են անցկացվում։
«Հիվանդանոցի կազմակերպումը վիրավորների զանգվածային հոսքի դեպքում» զեկույցը Իոսիֆ Վիչելեւսկին կարդացել է Երեւանում Հայաստանի անէսթեզիոլոգների եւ ռեանիմատոլոգների միավորման եւ Անէսթեզիոլոգիայի եվրոպական կրթության կոմիտեի (Committee for European Education in Anesthesiology) կողմից կազմակերպված գիտաժողովի ժամանակ։






