Դասական «գարեջրային փորը»՝ գոտկատեղի շրջանում ճարպային կուտակումներով, շատ ավելի վտանգավոր է քան ամբողջ մարմնի ճարպակալումը. նման փոր ունեցողների մոտ վաղաժամ մահվան հավանականությունը շատ ավելի բարձր է, քան ճարպակալում ունեցողների մոտ: Նման եզրակացության են հանգել Ամերիկյան Մինեսոթա նահանգի Մայո կլինիկայի հետազոտողները 14 տարի տեւած ծավալուն հետազոտություններից հետո:
Նրանց խոսքով, նորմալ քաշ ունեցող մարդիկ, որոնց մոտ որովայնի շրջանում ճարպ է կուտակվել, ինչը նաեւ հայտնի է վիսցերալ ճարպակալում անվանումով, կրկնակի հաճախ են ժամանակից շուտ հեռանում կյանքից, քան նրանք, ում մոտ ավելորդ ճարպը հավասարաչափ է բաշխված ամբողջ մարմնով մեկ:
Նախորդ հետազոտություններից հետո ենթադրում էին, որ վիսցերալ ճարպակալումը բարձրացնում է սրտանոթային հիվանդություններից կամ այլ պատճառներով մահվան հավանականությունը: Գարեջրային փոր ունեցողները ավելի քիչ մկանային զանգված ունեն, ինչը ավելացնում է մետաբոլիկ կանոնակարգման խախտման վտանգը: Սակայն գիտնականները առաջին անգամ են կենտրոնացել վիսցերալ ճարպակալում ունեցողների վաղաժամ մահվան վտանգի ուսումնասիրության վրա ՝ ստացված արդյունքները համեմատելով ավելորդ քաշ ու դասական ճարպակալում ունեցողների արդյունքների հետ:
Հետազոտության ընթացքում դրա հեղինակները դիտարկել են 18-ից 90 տարեկան 15 184 մեծահասակների: Մարմնով մեկ ճարպի տարածումը նրանց մոտ գնահատվում էր անտրոպոմետրիկ ցուցիչների հիման վրա: Ինչպես ենթադրում են ամերիկացի գիտնականները, հետագա հետազոտությունները պետք է որոշեն, թե ինչ գոծոնների ազդեցության տակ է նորմալ քաշով մարդկանց մոտ որովայնի շրջանում ճարպակալում զարգանում եւ ավելի լավ հասկանան այդ երեւույթի ազդեցությունն ընդհանուր առողջության վրա:
Հասկանալու համար, արդյոք մարդը վիսցելար ճարպակալում ունի թե ոչ, պետք է չափել գոտկատեղի հաստությունը: Որոշ մասնագետներ հավաստիացնում են, որ առողջ կնոջ գոտկատեղը պետք է չգերազանցի 82 սմ-ն, իսկ տղամարդու գոտկատեղը 92 սմ-ն: ԱՀԿ մասնագետները առաջարկում են հաշվել գոտկատեղի ու կոնքերի չափերի հարաբերակցությունը: Եթե տղամարդը վիսցերալ ճարպակալում ունի ՝ գոտկատեղի հաստության հարաբերակցությունը նրա կոնքերի չափերի հետ՝ հավասար կլինի 0.9-ի, իսկ նման խնդիր ունեցող կնոջ մոտ այդ ցուցանիշը կկազմի 0.85:






