Հայկական ակնաբուժության նախագծի նախաձեռնությամբ 2014թ.-ին Հայաստանում անհաս երեխաների շրջանում 950 սքրինինգային հետազոտություն են արել ու նրանցից 40-ի մոտ անհասության ռետինոպաթիայի ախտանշաններ են հայտնաբերվել, որոնք հետագայում կարող էին կուրության պատճառ դառնալ:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել են Հայկական ակնաբուժության նախագծի ներկայացուցիչները՝ բոլոր 40 երեխաներին անհրաժեշտ բուժում է տրամադրվել՝ լազերի կամ հակաանգիոիգենային դեղամիջոցի ներարկումների միջոցով: Անցած տարվա սեպտեմբերին բացված Երեւանի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում այս մեկ տարվա ընթացքում նաեւ 8 բարդագույն վիրահատություն են արել՝ վաղածինների ռետինոպաթիայով տառապող երեխաների կուրությունը կամ էլ տեսողության հետագա վատացումը կանխելու նպատակով: Ճիշտ է, ոչ բոլոր վիրահատված երեխաներն էին Հայաստանից՝ նրանց շարքերում կային նաեւ հարեւան երկրներից եկած երեխաներ:

Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայկական ակնաբուժության նախագծի միջազգային մենթոր, Մեծ Բրիտանիայի Moorfields Eye Hospital, Great Ormond Street Hospital եւ Royal Free London Hospital հիվանդանոցների ցանցաթաղանթի մանկաբույժ վիրաբույժ բժիշկ Չեն Սուի Վոնգը՝ մանկական կուրության կանխարգելման սքրինինգային ծրագիրը հոյակապ աշխատում է Հայաստանում, ու դրա շնորհիվ հաջողվում է անհաս երեխաների մոտ ռետինոպաթիան հայտնաբերել ամենավաղ ժամկետում ու անհրաժեշտ բուժում անցկացնել, առանց որի փոքրիկ հիվանդները դատապարտված կլինեին կուրացման:

Անհասության ռետինոպաթիան աչքերի ծանր հիվանդություն է, որը սովորաբար զարգանում է անհաս երեխաների մոտ ու կարող է տեսողության ամբողջական կորստի հանգեցնել: Եթե խնդիրը հայտնաբերվում է կյանքի առաջին ամիսներին ու անց է կացվում բուժում՝ կուրությունը հնարավոր է կանխել: Բուժման արդյունավետությունը եւ երեխայի տեսողության աստիճանը պայմանավորված կլինեն այն հանգամանքով, թե ինչ աստիճանի է ախտահարված եղել նրա ցանցաթաղանթը եւ թե երբ է սկսվել բուժումը: Մյուս կողմից էլ, ինչպես բացատրեց բժիշկ Վոնգը, եթե բաց թողնես պահը ու բուժումը ժամանակին չսկսես, ապա երեխայի ցանցաթաղանթը կսկսի շերտավորվել, ու այդ ժամանակ բուժումը շատ ավելի բարդ կլինի, իսկ հաջողության հավանականությունն էլ՝ ավելի ցածր:

Բժիշկ Վոնգը նաեւ նշել է, որ եթե սքրինինգային ծրագրի շրջանակում այդ 40 երեխաները չբացահայտվեին, ապա նրանցից մոտավորապես 30-ի մոտ ամենայն հավանականությամբ կզարգանար անհասության ռետինոպատիա, եւ ապագայում նրանք կկուրանային:

«30 երեխան մի ամբողջ դասարան է: Եթե ամեն տարի 30 երեխա բուժում չստանա՝ ապա 10 տարի հետո Հայաստանում կգոյանա կույր երեխաների մի ամբողջ դպրոց», - ասել է բժիշկը:

Հիշեցնենք, որ Հայաստանում վաղածինների ռետինոպաթիայի բուժման ու կանխարգելման ծրագիրը մեկնարկել է 2010 թ.-ին՝ Երեւանի մանկական հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ու ծննդատներում ներդրված սքրինինգով: Սքինինքը ու բացահայտված հիվանդ երեխաների բուժումը ֆինանսավորում է Հայկական ակնաբուժության նախագիծը, որը Հայաստանում բնակչության տեսողության պահպանմանն ուղղված մի շարք ծրագրեր է իրականացնում: