• Latest news

Անհասների ռետինոպաթիա՝ ի՞նչ է դա եւ ինչպե՞ս է բուժվում

2 մայիսի, 2014  15:48

Անհասների ռետինոպաթիան ծանր հիվանդություն է, որը սովորաբար զարգանում է անհաս երեխաների մոտ եւ կարող է հանգեցնել տեսողության լիարժեք կորստի։ Բժիշկ Սուի Չեն Վոնգը (Մեծ Բրիտանիա, Moorfields Eye Hospital and Royal Free London Hospital), որը Հայաստանում վիրահատել է մի քանի մանկիկի, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, թե ինչ է ռետինոպաթիան, ում մոտ է այն առավել հաճախ լինում, եւ ինչպես պայքարել այդ հիվանդության դեմ։

Թեպետ գիտնականները դեռ չունեն ռետինոպաթիայի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները, համարվում է, որ անհաս երեխաների մոտ այդ հիվանդությունը առաջանում է աչքի ցանցաթաղանթի եւ արյունատար անոթների զարգացման խանգարումների պատճառով։ Ժամանակին ծնված երեխաների մոտ, որպես կանոն, նման խնդիրներ չեն լինում։

«Երբ երեխան ժամկետից շուտ է ծնվում, ցանցաթաղանթի արյունատար անոթները լրիվ զարգացած չեն լինում, եւ տարբեր արտաքին գործոնների (լույս, թթվածին) ազդեցության ներքո ցանցաթաղանթում խնդիրներ են առաջանում», - բացատրեց բժիշկ Վոնգը։

Անոթների աճի խանգարման եւ կյուվեզի, ուր պահում են անհաս երեխաներին, թթվածնի բարձր կոնցենտրացիայի միջեւ կապը հաստատվել է դեռ 1951 թվականին։ Ցանցաթաղանթը թթվածնի ազդեցության պատճառով քայքայվում է եւ փոխարինվում է շարակցական եւ սպիական հյուսվածքով։ Ուստի կարծիք կա, որ հենց ինկուբատորներում թթվածնի բարձր կոնցենտրացիան է անհաս երեխաների ռետինոպաթիայի զարգացման հիմնական պատճառներից մեկը։ Կյուվեզներում թթվածնի մակարդակի նվազեցումը իսկապես նվազեցնում է անհասների ռետինոպաթիայի հիվանդացության հաճախականությունը, սակայն դրա հետ մեկտեղ աճում է մահացությունը ռեսպիրատոր դիսթրեսս-համախտանիշից։

Վիրահատություններ

«Ցանցաթաղանթի մակերեսի վրա շատ սպիներ են առաջանում, ինչի արդյունքում ցանցաթաղանթը կնճռոտում է եւ սկսում շերտազատվել, մոտավորապես այնպես, ինչպես պաստառը շերտազատվում է պատից», - բացատրեց բժիշկը։

Կուրությունը կանխելու համար որոշ ռետինոպաթիայով տառապող անհաս երեխաներին վիրահատում են, եւ վիրահատության ընթացքում, ինչպես բացատրեց բժիշկը, փոքրիկ գործիքների օգնությամբ ցանթաղանթի վրայից հանում են սպիացած հյուսվածքը. Դա շատ բարդ վիրահատություն է, որը  մեծ զգուշություն է պահանջում. ամբողջ աշխարհում մի քանի տասնյակ բժիշկ կարող է դա անել։

Հենց այդպիսի վիրահատություններ է կատարել Հայաստանում Սուի Չեն Վոնգը։ Ապրիլի 28-ին նա վիրահատել է 4 մանկիկի։ Ինչպես բժիշկը պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին, ամենաբարդ վիրահատությունը տեւել է 4 ժամ, իսկ ամենահեշտը՝ 1 ժամ։ Դա առաջին այդպիսի վիրահատություններն էին ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում։

Այդ վիրահատությունների արդյունքները կերեւան ամիսներ անց միայն։ Լինում են դեպքեր, երբ երեխաներին անհրաժեշտ է լինում մի քանի անգամ եւս վիրահատել, որպեսզի նրանք կարողանան տեսնել։ Վիրահատության հաջողությունը հնարավոր չէ կանխատեսել, համարվում է, որ այդ միջատությունները տեսնելու 50% հնարավորություն են տալիս, այն դեպքում, երբ առանց վիրահատության երեխայի կուրանալու հավանականությունը 90% է։

«Հաջողությունը կախված է շատ տարբեր գործոններից. պաթոլոգիայի աստիճանից, խնդրի վաղեմությունից եւ արտահայտման ձեւից», - ասաց բժիշկը։

Հայկական ակնաբուժության ծրագրի (ՀԱՆ) նախագահ Ռոջեր Օհանեսյանը պատմեց, որ Հայաստան է ժամանել բժիշկ Սուի Չեն Վոնգի հետ միասին, եւ հենց հաջորդ օրը նրանք այցելել են հիվանդանոցներ եւ զննել երեխաներին, փորձելով պարզել, թե ինչպես են նրանք արձագանքում լույսին։ Նրա խոսքով, այդպիսի զննումը Վոնգին բավարար էր պարզելու համար, արդյոք երեխան տեսնելու շանս ունի։

Հայաստանում ամեն տարի ծնվում է մոտ 400-500 երեխա՝ 500-1500 գրամ քաշով, եւ նրանց 30%, այսինքն, 150 երեխայի մոտ հայտնաբերվում է անհասության ռետինոպաթիա։

Բժիշկ Սուի Չեն Վոնգը խորհուրդ է տալիս պարբերաբար զննել անհաս երեխաներին, տեսողության սկրինինգներ կատարել խնդիրը հնարավորինս շուտ հայտնաբերելու համար, քանի որ դա կավելացնի հաջող բուժման շանսերը, եւ այդ երեխաները կկարողանան տեսնել։

Նշենք որ սկսած 2010 թ.՝ ՀԱՆ-ը Հայաստանում իրականացնում է «Անհասության ռետինոպաթիայի ակնային զննումների եւ բուժման ազգային ծրագիրը»: 2012 թ. ՀԱՆ-ը ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ սկսել է նոր ծրագիր` «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն», որի տեսլականն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաեւ կանխագելել ԱՌ հիվանդության հետևանքով մանկական կուրությունը: Առ այսօր հետազոտվել է ավելի քան 2,000 նորածին, որոնցից շուրջ 70-ը ստացել են լազերային բուժում: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է