Աշխարհում միլիոնավոր մարդիկ կարող են վարակված լինել սեռական ճանապարհով փոխանցվող նոր հիվանդությամբ։ Խոսքը Mycoplasma genitalium ինֆեկցիայի մասին է, որն առաջին անգամ հայտնաբերվել էր մոտ 30 տարի առաջ։ Այդ հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով, եւ, ըստ գիտնականների, նրանով կարող է վարակված լինել 16-44 տարեկան մարդկանց մոտ 1 տոկոսը։
Վարակակիրների մեծ մասն անգամ չգիտի այդ մասին, քանի որ MG-ի ախտանիշները չեն դրսեւորվում։ Ավելի հաճախ դրական են լինում այն մարդկանց անալիզները, որոնք շատ սեռական զուգընկերներ են ունեցել, չեն օգտագործում պահպանակ եւ անապահով շրջաններում են ապրում։
Գիտնականների կարծիքով՝ տղամարդ վարակակիրների 90 տոկոսն ու կին վարակակիրների 66 տոկոսը 25-44 տարեկան մարդիկ են։ Այս տարիքային խմբի ներկայացուցիչների մոտ շատ ավելի քիչ են ախտորոշվում նման հիվանդություններ, քանի որ դրանք ընդգրկված չեն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ցուցակում։
Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է MG-ն ազդում մարդու առողջության վրա երկարաժամկետ հեռանկարներում, բայց հետազոտողները ենթադրում են, որ այն կարող է միզուղիների, արգանդի, կոնքի շրջանում բորբոքային հիվանդությունների եւ հնարավոր է կանացի անպտղության պատճառ դառնալ։ Այս եզրակացություններն արվել են բրիտանացի գիտնականների կողմից 16-44 տարեկան, առնվազն մեկ զուգընկեր ունեցած կամավորներին ուսումնասիրելու արդյունքում։






