Ձմեռը բնության համար ինքնատիպ դեպրեսիայի ժամանակաշրջան է, եւ դա չի կարող չարտացոլվել մարդու վիճակի վրա, չէ՞ որ մարդն էլ բնության մի մասնիկն է։ Ցրտին մարդն ավելի հակված է լինում դեպրեսիվ վիճակների, պասիվության եւ հուլության։ Այդ մասին լրագրողներին պատմել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Ձմռանը արեւի լույսի պակասի հետեւանքով շատ երկրներում, օրինակ՝ սկանդինավյան, դեպրեսիաները շատ մեծ տարածում են գտնում, հիշեցրել է հոգեբանը։ Նման երկրներում նույնիսկ լամպեր են արտադրում, որոնք միացնում են երկար ժամանակով, որպեսզի դրանց լույսն ինչ-որ կերպ մեղմի մարդկանց դեպրեսիվ տրամադրությունը։
Նրա խոսքով, ձմեռը եւ ցուրտը կարող են մարդուն ավելի ագրեսիվ դարձնել։ Ընդհակառակը, ձմեռը պասիվության ժամանակաշրջան է։ Ագրեսիան եւ էմոցիոնալ բարձրակետերն ավելի բնորոշ են աշնանը եւ գարնանը, երբ եղանակը փոփոխական է եւ անկայուն։ Ամառվա շոգին մարդկանց մեջ սովորաբար ավելի քիչ ագրեսիա է լինում։ Իսկ ավերիչ ագրեսիան կարող է պայմանավորված լինել այլ գործոններով, բայց ոչ բնությամբ։
Ինչպես նշել է հոգեբանը, մարդկանց մոտ դեպրեսիայի հիմնական պատճառը բոլորովին էլ եղանակը եւ արտաքին գործոնները չեն, այլ ներքին ներդաշնակության պակասը։ Իսկ ավելորդ ագրեսիան կարող է այդ ներքին աններդաշնակության հետեւանքը լինել։ Բոլոր այդ խնդիրները հաղթահարելու համար մարդը պիտի նախ եւ առաջ ինքն իր հետ ներդաշնակության ձգտի եւ ցանկանա երջանիկ լինել։ Ցավոք, հոգեբանի խոսքով, ոչ բոլորն են պատրաստ այդ ներդաշնակությանը հասնելու ուղիներ որոնել։






