Առաջին տիպի շաքարախտի հետ կապված բարդ է խոսել կանխարգելման մասին, որովհետեւ դա աուտոիմունային հիվանդություն է, բայց երկրորդ տիպի շաքարախտը լիովին հնարավոր է կանխարգելել, նույնիսկ եթե մարդը ժառանգական հակում ունի ։ Այդ մասին նոյեմբերի 14-ի մամուլի ասուլիսին, որը նվիրված էր Շաքարախտի դեմ պայքարի օրվան, հայտնել է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։
Նա նշել է, որ երկրորդ տեսակի շաքարախտը կապված է ճարպակալման հետ եւ մեր օրերում դրանով հիվանդացության դեպքերն աճում են հենց սխալ սնվելու եւ ֆիզիկական թերի ծանրաբեռնվածության հետեւանքով։ Երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների 97 տոկոսը տառապում է նաեւ ճարպակալմամբ։
Նա հավելել է, որ շաքարախտը եւ ճարպակալումը ավելի լայն՝ մետաբոլիկ համախտանիշ կոչվող հասկացության մաս են կազմում, որը նաեւ կոչում են 20-րդ եւ 21-րդ դարերի համաճարակ։ Մետաբոլիկ համախտանիշը տեխնոլոգիաների եւ առաջընթացի զարգացման բացասական հետեւանքն է, այն բանի, որ մարդը նստել է մեքենայի ղեկին ու համակարգիչների էկրանների առաջ, իսկ սնունդը հանգեցվել է պատվիրված ֆաստֆուդի։
Մասնագետի խոսքով, երկրորդ տիպի շաքարախտի կանխարգելման հիմնական մեթոդներն են.
- առողջ, հավասարակշռված սննդակարգը
- չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
Նա նշել է, որ շատերն այսօր հակաճառում են առողջ սննդակարգ խորհուրդ տվող մասնագետներին՝ ասելով «այ մեր պապերը»… Սակայն նրանք մոռանում են, որ մեր պապերը ֆիզիկական ծանր աշխատանք էին կատարում եւ ֆաստֆուդով չէին սնվում։ Այսօր կենսակերպը խիստ փոխվել է եւ առողջությունը պահպանելու համար ժամանակակից մարդը պիտի հետեւի իր սննդակարգին եւ ֆիզիկական ակտիվության մակարդակին, ասել է նա։
Մասնագետը հիշեցրել է, որ 20-րդ դարի սկզբին երեխաները, որոնք բակում շարժման հետ կապված խաղեր էին խաղում, ճարպակալման նշաններ չունեին։ Իսկ 21-րդ դարի երեխաների մոտ, որոնք համակարգչային խաղեր են խաղում եւ միաժամանակ իրենց նկատելի սթրեսի են ենթարկում, հետո ֆաստֆուդ ուտում եւ քաղցր գազավորված ըմպելիք խմում, աճում են ճարպակալման ցուցանիշները, եւ դա շատ մտահոգիչ է։
Հասմիկ Աբովյանը հերթական անգամ ծնողներին կոչ է արել երեխաներին ֆաստֆուդով չկերակրել ու առավել եւս՝ քաղցր, գազավորված ըմպելիքներ չտալ խմելու։






