Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Անհաս երեխաների միջազգային օրը (World Prematurity Day), որը սահմանվել է 2009-ին` Նորածինների խնամքի եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ (European Foundation for the Care of Newborn Infants, EFCNI):
Ամեն տարի մոլորակի վրա մոտ 15 միլիոն անհաս երեխա է ծնվում (Հայաստանում ամեն տարի անհաս է ծնվում 400-450 երեխա): Դա մոտավորապես ամեն 10-րդ նորածինն է: Այդ երեխաներից մոտ մեկ միլիոնից ավելին մահանում է ծնվելուց անմիջապես հետո, իսկ շատերը տառապում են ֆիզիկական եւ նյարդային հաշմանդամության տարբեր տեսակներից կամ էլ ուսումնառության ընթացքում խնդիրներ են ունենում: Անհասների մոտ կարող է նաեւ անհասների ռետինոպաթիա զարգանալ, հիվանդություն, որը կարող է կուրության հանգեցնել:
Մասնագետների խոսքով, վերջին տարիներին ժամանակից շուտ ծնվող երեխաների թվի աճ է արձանագրվում: Ժամանակից շուտ ծնվելը նորածնին շատ խոցելի է դարձնում, դրա համար էլ վաղաժամ ծննդաբերության խնդիրը շարունակում է լինել հասարակության կողմից թերագնահատված լրջագույն խնդիրներից մեկը: Վաղաժամ ծնունդների թվի աճը պայմանավորված է մի քանի գործոնով. դա ծննդաբերող կանանց մեծ տարիքն է, անպտղության դեմ դեղամիջոցների լայն օգտագործումը եւ ժամանակից շուտ ծննդաբերության խթանումը, ինչպես նաեւ կեսարյան հատումը:
Իհարկե անհասությունը դատավճիռ չէ եւ հսկայական քանակությամբ անհաս նորածիններ ոչ միայն առողջ ու լիարժեք չափահասներ են դարձել, այլեւ ականավոր մարդիկ: Հետաքրքիր է, որ շատ հայտնի մարդիկ անհաս են ծնվել: Նրանց թվում են Նապոլեոն Բոնապարտը, Իսահակ Նյուտոնը, Ալբերտ Էյնշտեյնը եւ շատ ուրիշներ:






