Աշնանը ու ձմռանը շատ սեզոնային հիվանդություններ՝ այդ թվում հարբուխն ու գրիպը գլուխ են բարձրացնում: Ինչպե՞ս կարելի է խուսափել դրանցից: Այս մասին լրագրողներին պատմել է ՀՀ հանրային առողջապահության ասոցացիայի նախագահ, վարակաբան Աշոտ Դավիդյանցը:
Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդություններից պաշտպանվելու համար ցանկալի է հետեւել այս խորհուրդներին.
1. Քանի որ շատ վարակներ ու մանրէներ կարող են փոխանցվել օդով, ցանկալի է չգտնվել այնպիսի վայրերում, որտեղ շատ մարդ է հավաքվել: Մարդաշատ վայրերում օդակաթիլային ինֆեկցիայով վարակվելու հավանականությունը նկատելիորեն աճում է:
2. Խորհուրդ չի տրվում շփվել հիվանդ մարդկանց հետ:
3. Ցանկալի է որ հիվանդ մարդիկ բժշկական դիմակ հագնեն, իսկ լավագույնն այն կլիներ, եթե նրանք փորձեն տանից դուրս չգալ ու չհաճախել աշխատանքի կամ էլ ուսումնական հաստատություն, որպեսզի ուրիշներին չվարակեն:
Կան նաեւ հիվանդություններ, որոնք փոխանցվում են կենցաղային շփումների ճանապարհով: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պաշտպանվել դրանցից:
4. Կանոնավոր կերպով լվացեք ձեռքները: Աշոտ Դավիդյանցը խորհուրդ է տալիս ձեռքերը լվանալ առնվազն ուտելուց առաջ, այսինքն օրական 4 անգամ:
5. Ձգտեք սնվել այնպիսի վայրերում, որտեղ սնունդը պատրաստվում ու պահվում է հիգիենիկ պայմաններում ու պաշտպանված է արտաքին վիրուսներից ու մանրէներից:
6. Հետեւեք տան ու աշխատավայրի իրերի մաքրությանը, քանի որ դրանց մակերեսին կարող են մանրէներ ու վիրուսներ թաքնվել:
Ինչպես նշեց մասնագետը, շատ կարեւոր է, որ Հայաստանում ձեւավորվի ճիշտ վարքագծի մշակույթ. հիվանդ մարդիկ չպետք է ամաչեն դիմակով փողոց դուրս գալ, իսկ առողջներն էլ չպետք է ամաչեն խնդրել հիվանդներին, որ նրանք դիմակ հագնեն ու իրենց հյուր գան միայն առողջանալուց հետո:
Մասնագետի խոսքով պակաս կարեւոր չէ, որ սեզոնային հիվանդություններով հիվանդները ինքնաբուժումով չզբաղվեն ու իրենց մտերիմների կամ դեղատան աշխատողների խորհուրդով դեղեր չգործածեն, այլ դիմեն բժշկի:






