Բոլորս էլ հաճախ ենք լսում այն մասին, որ կեղտոտ ձեռքերը շատ վտանգավոր են մեր առողջության համար ու որ դրանց պատճառով կարելի է վարակվել մի շարք հիվանդություններով: Այն մասին, թե հատկապես ինչ վտանգ է թաքնված ձեռքերում ու ինչու են դրանք այդքան խոցելի, լրագրողներին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական ու հատուկ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը:

Ձեռքերը համարվում են մարմնի ամենախոցելի մասերից մեկը, չէ՞ որ դրանք անընդհատ դիպչում են տարբեր առարկաների, որոնց մակերեսին կարող են ախտածին մանրէներ լինել: Շփման ժամանակ հայտնվելով ձեռքերի վրա ՝ այդ հարուցիչները հետո դրանց վրայից կարող են հայտնվել օրինակ մարդու դեմքի, քթի, աչքերի կամ շրթերի վրա ու դառնալ այս կամ այն հիվանդության զարգացման պատճառ:

ԱՀԿ տվյալներով ՝ ինֆեկցիոն հիվանդությունների մոտավորապես 40-80 տոկոսի պատճառը հենց կեղտոտ ձեռքներն են: Կեղտոտ ձեռքերից կարելի է վարակվել աղիքային ինֆեկցիաներով, ու նույնիսկ այնպիսի հիվանդություններով, որոնք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հիշեցնենք, որ հենց կեղտոտ ձեռքներն են ամենից հաճախ դառնում դիզենտերիայի նման հիվանդությունների պատճառ ( այն հաճախ հենց կեղտոտ ձեռքերի հիվանդություն են անվանում ): Հենց այդ պատճառով էլ, ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, մաքուր ձեռքները ամուր առողջության երաշխիքն են:

Ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, մեր ձեռքերի մակերեսին կարելի է գտնել մանրէների երեք խմբեր

1. Այսպես կոչված ռեզիդենտներ՝ միկրոօրգանիզմներ, որոնք մշտապես ապրում են մեր ձեռքների վրա ու բազմանում: Դրանք բնորոշ են տվյալ օրգանիզմին, կարող են փոխվել արտաքին միջավայրի, քիմիական նոյւթերի, կլիմայական փոփոխությունների ազդեցության տակ եւ այլն

2. Տարանցիկ՝ ժամանակավոր միկրոօրգանիզմներ, որոնք, ի տարբերություն ռեզիդենտ միկրոօրգանիզմների, կարող են դրսից հայտնվել մեր ձեռքերի մակերեսի վրա ու անել իրենց մութ գործը:

3. Վարակիչ միկրոօրգանիզմներ՝ դրանք կարող են տարբեր պաթոլոգիական վիճակների (օրինակ մատնաշունչի) պատճառ դառնալ: Որքան էլ մենք լվանանք մեր ձեռքները, այդ միկրոօրգանիզմներից չի հաջողվի ազատվել՝ առանց պաթոլոգիական օջախը վերացնելու: