Ինչպե՞ս է պետք լվանալ ձեռքերը ու խնամել դրանք, որպեսզի խուսափենք կեղտոտ ձեռքերով փոխանցվող հիվանդություններից: Այս մասին լրագրողներին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների հսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական ու հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը:

Ձեռքերը լվանալը

Ինչպե՞ս է պետք լվանալ ձեռքները դրանք ախտածին մանրէներից ու վիրուսներից պաշտպանելու համար: Ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, անհրաժեշտ է իմանալ, որ ձեռքերը պետք է լվանալ հոսող ջրի տակ: Ոմանք մտածում են, թե որքան տաք լինի ջուրը, այդքան ավելի լավ, բայց դա այդպես չէ: Ջուրը, մասնագետի խոսքով, պետք է պարզապես գոլ լինի:

Նաեւ շատ կարեւոր է անպայման օճառ գործածելը: Օճառի ընտրությունն առանձին հարց է ՝ այն չպետք է պարունակի այնպիսի նյութեր, որոնք ունակ են ալերգիկ արձագանք առաջացնել ու այն պետք է հասցնի չորանալ մինչեւ ձեռքերը հաջորդ անգամ լվանալը: Հեղուկ օճառը կարող է շատ լավ ու անվնաս ընտրություն լինել, համարում է մասնագետը:

Ինչ վերաբերում է սրբիչներին ՝ ապա հանրային վայրերում կտորից սրբիչներ պետք չէ գործածել ՝ դրանց փոխարեն նախընտրելի են թղթե սրբիչները կամ էլ էլեկտրական չորացնող սարքեր:

Լիանա Թորոսյանը նաեւ նշեց, որ ձեռքերը ճիշտ լվանալու դեպքում հնարավոր է ազատվել մեր ձեռքերի վրայի ժամանակավոր միկրաօրգանիզմների 90 եւ մշտականների 50 տոկոսից:

Ախտահանող միջոցներ

Կարելի՞ է արդյոք գործածել քիմիական հակասեպտիկներ ու ախտահանող միջոցներ: Արդյո՞ք դրանք վտանգավոր են մեր մաշկի ու մեր առողջության համար: Պարզվում է, որ ոչ այդքան: Նման հակասեպտիկների հաճախակի կիրառումը կարող է խախտել ձեռքերի մաշկի անհավասարակշռությունը ու վնասել դրանց:

Նման հակասեպտիկները կարելի է գործածել այն դեպքերում, երբ ձեռքի տակ ջուր եւ օճառ չկա:

Ձեռքերի խնամք

Նաեւ շատ կարեւոր է խնամել ձեռքերի մաշկը ու պահպանել դրա ամբողջականությունը: Մասնավորապես, ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, կարեւոր է չմոռանալ օգտագործել խոնավացնող քսուքներ, որպեսզի մաշկը չչորանա ու չճաքճքի, չէ՞ որ չոր մաշկն ու ճաքերը լրացուցիչ ռիսկ են: