Օսթեոպորոզը բարդ եւ միջմասնագիտական խնդիր է, որի կանխարգելումն ու բուժումը համալիր մոտեցում է պահանջում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի առողջապահության նախարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը:
Նրա կարծիքով, օսթեոպորոզը ոչ միայն նեղ մասնագետների ուշադրությունն է պահանջում` վնասվածքաբանների, էնդոկրինոլոգների, գինեկոլոգների, այլեւ, օրինակ, ընդհանուր բժշկության մասնագետների: Տարբեր ոլորտների բժիշկները պիտի իրենց ջանքերը միավորեն այդ հիվանդության դեմ:
Ինչպես նշել է բժիշկ Թորոմանյանը, օսթեոպորոզի խնդիրն այսօր շատ այժմեական է Հայաստանում. ոսկրերի ջարդվածքների բավականին մեծ քանակ է արձանագրվում: Որպեսզի նման դեպքերը պակասեն, մասնագետի կարծիքով անհրաժեշտ է ավելացնել կանխարգելման աշխատանքները եւ բնակչությանն իրազեկել այդ հիվանդության եւ նրա զարգացման ռիսկերի մասին:
Դեպքերի մեծ մասում օսթեոպորոզն ախտորոշվում է այն բանից հետո միայն, երբ հիվանդը (ավելի հաճախ` կին հիվանդը) կոտրվածքով հայտնվում է հիվանդանոցում, որի պատճառը ընկնելն է կամ թեթեւ հարվածը: Մինչեւ կոտրվածքը, հիվանդների մեծամասնությունը չի էլ կասկածում, թե ինքը ոսկրերի ամրության խնդիր ունի, չնայած այդ խնդիրը շատ հեշտ է հայտնաբերել հատուկ սարքի` դենսիտոմետրի միջոցով:
Հիշեցնենք, որ այսօր, բժիշկ Ջոն Բիլեզիկյանի եւ Hologic Corporation ընկերության ջանքերի շնորհիվ Երեւանում 6 դենսիտոմետր կա, իսկ եւս մեկը կա Գյումրիում: 2016-ին եւս երկու դեսնիտոմետր ստանալով` Հայաստանը աշխարհի առաջատարներից մեկը կլինի բնակչության շնչին ընկնող նման սարքերի թվով:
Օսթեոպորոզի կանխարգելման համար շատ կարեւոր է իմանալ նաեւ այդ հիվանդության զարգացման ռիսկը մեծացնող գործոնների, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է պետք սնվել առողջ ոսկորներ ունենալու համար եւ որ դաշտանադադարից հետո հորմոնափոխարինիչ թերապիան կարող է օգնել նվազեցնել օսթեոպորոզի ռիսկը:






