Դեռ 1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը աշխարհի բոլոր երկրներին խորհուրդ էր տվել նշել նոր տոն՝ Երեխայի համաշխարհային օրը (Universal Children's Day), որի առաքելությունը պետք է լինի երեխաների բարեկեցության բարելավումը:

Նման տոնը, Գլխավոր վեհաժողովի ներկայացուցիչների կարծիքով, կօգնի ամրապնդել ազգերի միջեւ համերաշխությունն ու համագործակցությունը, նաեւ բարելավել ՄԱԿ-ի աշխատանքը, որն ուղղված է ամբողջ աշխարհի երեխաների բարօրությանը: Ի դեպ, հենց նոյեմբերի 20-ին է Գլխավոր վեհաժողովը ընդունել Երեխաների իրավունքների հռչակագիրը (1959թ.) ու Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989թ.)

ՄԱԿ-ի տվյալներով տարեկան տասնմեկ միլիոն երեխա է մահանում՝ դեռ հինգերորդ տարին չբոլորած, եւս տասնյակ միլիոններ էլ մնում են ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ՝ չունենալով հասունանալու, լիարժեք ապրելու ու զարգանալու հնարավորություն: Այդ մահերից շատերի պատճառը հեշտ կանխարգելվող կամ էլ հեշտ բուժվող հիվանդություններ են, իսկ մյուսները աղքատության, անգրագիտության, խտրականությունների ու բռնությունների կործանարար հետեւանքներն են:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ծավալուն աշխատանքներ է իրականացնում մանկական առողջության բոլոր ուղղություններով՝ նախածննդյան ժամանակաշրջանից սկսած ընդհուպ մինչեւ պատանեկություն: Հիմնադրամը քայլեր է ձեռնարկում հղի կանանց համար մինչծննդաբերական ու հետծննդաբերական բուժսպասարկումը մատչելի դարձնելու , մանկական հիվանդությունները տան պայմաններում հաղթահարելու հնարավորությունները ամրապնդելու համար, համայնքների հետ խորհրդակցություններ կազմակերպում առողջապահական առավելագույն մակարդակ ապահովելու հարցերի շուրջ: Մանկական հիմնադրամը հատուկ ջանքեր է գործադրում, որպեսզի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պատճառով ծնողներից զրկված երեխաները նույնպիսի խնամք ստանան, ինչ նրանց հասակակիցները: Նաեւ օգնում է, որ ՁԻԱՀ-ով հիվանդ կանայք ու երեխաները արժանավայել կյանքով ապահովվեն: