Ծորակից եկող ջուրը կարող է աղտոտված լինել դեղերի ու հորմոնների վտանգավոր խառնուրդներով, հավաստիացնում է պրոֆեսոր Մայքլ Դեփլեջը Exeter University համալսարանից, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա:
Դեղերը, գիտնականի խոսքով, խմելու ջրի մեջ են ընկնում տարբեր ճանապարհներով՝ դրանք կարող են կոյուղու մեջ հայտնվել այն մարդու մեզի հետ, որը ընդունել է նման դեղեր, կամ էլ այն կենդանու մեզի հետ , որին դրանցով են կերակրել: Դեղերը ոչ միշտ են մեզի մեջ անվնաս մասնիկների տրոհվում: Որոշ մարդիկ նաեւ սովոր են անպիտան դեղերը ջրի մեջ գցել, այլ ոչ թե դեղագործներին վերադարձնել, ինչպես մասնագետն է խորհուրդ տալիս: Այս ամենի հետեւանքով խմելու ջրում կարող է՝ հակադեպրեսանտներից, հակաբիոտիկներից, հորմոնալ հակաբեղմնավորիչներից, հակաբորբոքային ու ցավազրկող դեղերից, բետա արգելափակիչներից ու հորմոնափոխարինող դեղերից բաղկացած վտանգավոր կոկտեյլ հայտնվել:
Կարո՞ղ են արդյոք այդ բոլոր դեղերը վտանգ ներկայացնել մեր առողջության համար: Խնդիրն այն է, որ այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի, նկատել է գիտնականը: Տեսականում դրանք, խմելու ջրի հետ միասին հայտնվելով մեր օրգանիզմում, կարող են խնդիրներ ստեղծել:
Գիտնականի խոսքով, այս պահին դեղագործական խառնուրդներով շրջակա միջավայրի աղտոտման ծավալները մեծացել են ու դարձել խնդիր, որը նվազ լուրջ չէ, քան գյուղատնետսության մեջ թունավոր պարարտանյութերի գործածումը: Դեղագործական թափոններով աղտոտման վերաբերյալ վերջերս առաջին անգամ մտահոգություն արտահայտեց ՄԱԿ-ի համապատասխան վերահսկիչ կառույցը:
«Այս աղտոտվածությունները հայտնաբերվել են աշխարհի բոլոր մասերում ստուգված ջրերում, ինչը սպառնալիք է ստեղծում մարդկանց առողջության համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դեղերը հակում ունեն կուտակվելու ոչ միայն ջրում, այլեւ բույսերի մեջ եւ վայրի կենդանիների օրգանիզմում »,- ասված էր զեկույցում:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Գերմանիայի բնապահպան գիտնականները հայտնաբերել են, որ ջրմուղ մտնող գետի ջրում արհեստական քաղցրացուցիչներ կան, օրինակ ցիկլամատ, սախարին, ացեսուլֆամ ու ցուկրալոզ:






