Բրիտանացի բժիշկ Դեւիդ Ունվինը նախազգուշացնում է, որ լյարդին կարող է վնաս հասցնել ոչ միայն ալկոհոլը, այլ նաեւ տապակած թոսթն ու կարտոֆիլը։

Մարդու լյարդի վիճակը կարելի է գնահատել արյան մեջ սպիտակուցների քանակը գամմա-գլուտամիլտրանսպեպտիդազի միջոցով հաշվելով։ Եթե սպիտակուցների մակարդակը բարձր է, նշանակում է, որ լյարդը ճնշման տակ է, եւ մարդը չափազանց շատ ալկոհոլ է օգտագործում։ Սակայն կա մարդկանց մի խումբ, որոնց ԳԳՏ-ն բարձր է, սակայն նրանք ալկոհոլ չեն օգտագործում։ Նրանց դեպքում խոսքը վերաբերում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությանը, որը պայմանավորված է սխալ սննդակարգով։ Այդ հիվանդությամբ աշխարհում տառապում է այնքան մարդ, որքան 2-րդ տիպի շաքարախտով։ Ծանր դեպքերում դա հանգեցնում է լյարդի ֆունկցիայի լուրջ խանգարման եւ դրա քայքայման։

Որոշ փորձագետներ կարծում են, որ այդ հիվանդությունը ազդանշան է տալիս առողջական այլ խնդիրների առկայության մասին, այդ թվում՝ սրտի հիվանդությունների եւ շաքարախտի։ Լյարդի համար հատկապես վտանգավոր են օսլա պարունակող ուտելիքները եւ շաքարը։ Դրանք բոլորն արագորեն վերածվում են գլյուկոզայի, որը կուտակվում է լյարդում։ Այն, ինչ լյարդը չի կարողանում պահել, վերածվում է ճարպի։

Ճարպային հիվանդության լավագույն կանխարգելումը ցածր ածխաջրեր պարունակող սննդամթերքներով դիետան է։ Հենց այդ պատճառով էլ այնպիսի մթերքները, ինչպիսիք տապակած թոսթն է, կարտոֆիլը, հրուշակը, ալկոհոլից պակաս չեն վնասում լյարդը։

Փորձագետները խորհուրդ են տալիս շատ օգտագործել կանաչ բանջարեղեն եւ միրգ, հատապտուղներ, ընկուզեղեն։ Սննդակարգում պետք է անպայման ընդգրկել ձուկ, ձու եւ միս։ Հատկապես պետք է զգույշ լինել հաց եւ կարտոֆիլ օգտագործելիս՝ մեծացնելով սննդակարգում առողջ ճարպերի քանակը։